Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/124

Այս էջը հաստատված է

եմ, որ եթե ուզենամ ձեր առաջ պարզել իմ բոլոր մտքերը այս հարցի առթիվ, հարկավոր կլինի մի ամբողջ գիրք գրել: Եթե երբևէ հանդիպենք և տրամադրություն լինի, կզրուցենք նաև այս թեմայի շուրջը, այն ժամանակ ավելի պարզ ու հանգամանալից կշարադրեմ իմ մտքերն այդ առթիվ։ Ահա թե ինչու հիմա մտադիր եմ վերջացնել այս հարցը։ Ինչպե՞ս եք ապրում դուք, ինչո՞ւ ոչինչ չեք գրում ձեր կյանքի մասին, ձեր մասին, ձերոնց մասին։ Այդ ամենը ինձ հետաքրքիր է։

...Ամեն ինչի մեջ միշտ մեզ համար ուրախություն կա, երբ կարողանում ենք գտնել այդ ուրախությունը։

Հարցնում եք Սուսաննայի մասին։ Հավանաբար նա շուտով կգա ինձ մոտ։ Նա ողջ առողջ է, բայց, իհարկե, ձանձրանում է այնտեղ, և ես շատ եմ կարոտեղ նրան և անհամբեր սպասում եմ, թե երբ է գալու։ Դուք էլի հարցնում էիք, թե սովի չե՞մ մատնված։ Ոչ, բայց գրել էի, որ այս աշուն գործերս խիստ խանգարվել էին, և ահա հիմա ոչ մի կերպ չեմ կարողանում նորմայի բերել և նեղության մեջ եմ։


73. Ա. ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ
1913, 29 նոյեմբերի, Պետերբուրգ

Մեծահարգ պարոն Զարգարյան

Ձեր սիրալիր նամակն ստացա և ահավասիկ ուղարկում եմ թարգմանությունս բնագրի հետ միասին։ Ուզում էի մի անգամ ևս արտագրել և այդպիսով սրբագրել թարգմանությունս, բայց դժբախտաբար հիվանդ եմ և այնքան թույլ եմ զգում ինձ, որ ոչ մի հնարավորություն և ուժ չունեմ այդ անելու, թեպետ էական փոփոխության կարիք չեմ տեսնում, իսկ մանր անհարթություն լինելու դեպքում դժվար չի լինի ուղղել։ Եթե հնարավոր գտնեք, խնդրում եմ հայտնեք ինձ խմբագրական մասնաժողովի նկատողությունները թարգմանությանս վերաբերմամբ, այդ բանը հետաքրքրում է ինձ անկախ աշխատությանս ընդունվելուց կամ չնդունվելուց, անշուշտ, եթե միայն հնարավոր և հարմար դատեք այդ ինձ հայտնելու։ Կխնդրեի նաև որքան կարելի է շուտ հայտնեիք