Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/125

Այս էջը հաստատված է

ինձ թարգմանությանս ընդունվելու կամ չընդունվելու մասին, ինչպես և որոշված հոնորարի չափի մասին։

Ամենայն հարգանոք
Վահան Տերյան

Հասցես՝ СПБ, Пет. Сторона, Большой проспект, дом 17, квартира 34


74. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
<1913, նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 11, Պետերբուրգ>

Սիրելիդ Ցոլակ

Ի՞նչ է պատահել քեզ, որ այսքան երկար չես գրում ինձ, զբաղվա՞ծ ես սաստիկ, սի՞րտ չկա գրելու, թե՞ մի ուրիշ բան կա— չլինի՞ թե մի որևէ բանի համար նեղացել ես ինձնից, թեև չգիտեմ ինչի՞ց կարող ես նեղացած լինել։ Չեմ հիշում երբ էր, բայց վաղուց է, գրել եմ քեզ և Վարյային։ Դրիր, Ցոլակ, գոնե մի կարճ նամակ—տեսնեմ ինչպե՞ս ես, ի՞նչ ես անում, քեֆդ ինչպե՞ս է, գործերդ ի՞նչ դրության են—այդ բոլորը ինձ հետաքրքրում է և քո լռությունը ինձ ստիպում է վատ բաներ մտածել։ Պողոսը գրել էր այս օրերս, որ Կարենոյը 500 մանեթ «մայա» է դրել «Գարուն»-ի մի նոր գիրք տպելու համար, «մեծերն էլ» (Կուսիկյան, Մամիկոնյան և այլն) ուզում են շաբաթաթերթ հրատարակել։ «Գարուն»-ը ուզում են, որ մեր ձեռքն անցնի—այսինքն իմ և Պողոսի և (իբր կոմպրոմիս) Կարենոյի։ Դու, իհարկե, առանձին «հրավերք» կստանաս մասնակցելու (եթե հաջողվի գործը), բայց գրում եմ, որ աչքի առաջ ունենաս։ Այստեղ էլ երեկ ինձ ընտրեցին ուսանողական հրատարակչական կոմիսիայի անդամ («Շողեր»-ը հրատարակող կոմիսիայի—ականջդ կանչի)։ Այնտեղ էլ կուզեի, իհարկե, որ մասնակցես։ Ամեն կերպ պիտի աշխատեմ, որ, եթե լինի, լավ գիրք դուրս գա, գոնե ավելի լավ, քան առաջինը: Այնպես որ երկու հոդված կարող ես պատրաստել։ Իհարկե այստեղ էլ, «Գարուն»-ում էլ վարձատրություն կստանաս։ Դեհ, քեզ տեսնեմ։ Ես էլ աշխատում եմ—ուշացել եմ, անելիք շատ ունեմ՝ սովորելու եմ արաբերեն և վրացերեն, մանավանդ առաջինը բավական դժվար է: