Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/127

Այս էջը հաստատված է

77. Հ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

1913, 11 դեկտեմբերի, Պետերբուրգ

Սիրելի և հարգելի պարոն Թումանյան

Ամենից առաջ խնդրում եմ ներողամիտ լինեք դեպի ինձ, որովհետև ինքս շատ լավ զգում եմ, որ արածս բանի նման չէր, բայց արտակարգ պայմաններն ստիպեցին ինձ դիմելու մի այդպիսի արտակարգ միջոցի և այդքան անսպասելի ու անտեղի կերպով ձեզ անհանգստացնելու: Որքա՜ն մեծ էր իմ շփոթմունքը, երբ Ձեր ուղարկած փողն ստանալուց մի քանի օր անց ստացվեց «Հորիզոն»-ը, ուր ես ամոթով կարդացի ձեր հայտնած կարծիքը իմ դրվածների մասին։ Այդ զարմանալի զուգադիպությունը ինձ ուղղակի շվարեցրեց։ Թույլ տվեք այդպիսի պարագաներում խուսափելու իմ զգացմունքներն արտահայտելուց, թեպետ գիտեմ, որ Ձեր պայծառ ու ազնիվ լավատեսությունը թույլ չի տա ձեզ իմ մշտական և խոր հարգանքի ու սիրո զգացումները կապելու այդ վերջին դեպքերի հետ։

Ինձ խորապես հուզում է ձեր բարի և բարեկամական վերաբերմունքը, և ձեր սիրելի հովանավորությունը «ի սկզբանե» ես ընդունել եմ իբրև անգնահատելի և բարձր պատիվ։ Ընդունեցեք իմ ամենաջերմ շնորհակալությունը և թույլ տվեք այս անգամ չերկարացնելու նամակս, որովհետև, կրկնում եմ, ներկա պարագաներում, չնայած վերը հիշածս վեր ապահության ձեր մասին, իմ նրբանկատ դրությունը թույլ չի տալիս բուռն զգացմունքներս արտահայտելու։ Կուզեի խնդրել, որ հայտնեք ինձ, թե ի՞նչ պայմաններով ու ժամանակով է ուղարկված այդ փողը, որպեսզի օր առաջ մտածեմ ու անելիքս իմանամ։ Ներողություն եմ խնդրում և այս անհանգստության համար, որ պատճառում եմ կրկին ձեզ, բայց հուսով եմ, մի երկտողով չեք չզլանա ինձ տեղեկացնելու այդ մասին։ Իմ ջերմ ողջույնների հետ ընդունեցեք անկեղծ ու խորին հարգանքս ու շնորհակալությունս։

Ձեր Վանան Տերյան

Пет. Стор., Б. проспект, д. 17, кв. 34