Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/128

Այս էջը սրբագրված է

78. Կ.ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

1913, 12 դեկտեմբերի, Պետերբուրգ

«Ի Տեր Հանգուցյալ «Գարուն» գրական-գեղարվեստական «երիցունց» ալմանախաց խմբագրության բազմաշխատ, քրտնաջան, վաստակաբեկ, մարտիրոսացած խմբի՝ «հազար տարիներ և մինչև հիմա» լիազոր և՛ քարտուղար, և՛ էքսպեդիտոր և՛գանձապահ անթվելի ու անհաշվելի «Գարնան»՝ Կարեն մակավանյալ ազգեն Միքայելյան—բելլետրիստ և հումորիստ և կամոքն աստուծո դրամատուրգ նորածիլ ինքն և Զոկ ծագմամբ՝ Ողջույն և խնդություն մեծ և ցնծություն հարատև տաղասաց և հանգահյուս տար երկրներ վտարած և մոռացված, և կորած ի մեջ մարդոց օտարաց և Պետրակերտ քաղաքեն ողջույն դարձյալ ու կրկին լծակցին իմ վաղեմի և ապագա (?) լծակցին։ Եվ դու, ո՛վ Կարենո, ինձ գրելով ու հաղորդելով «Գարուն»-ի լիկվիդասիոնի մասին, ես իմացա և տեղեկացա ամեն բանի, ինչպես որ գրել էր։ Եվ աստված հոգին լուսավորեսցե։ «Մեռավ «Գարուն»-ը—կեցցե՜ «Գարուն»-ը։ Նետենք նրան ապագա պատմաբանի մունտառ զամբյուղը, թող քրքրե և ըստ արժանվույն գնահատե— իսկ իսկ ես ֆուտուրիստ դառնալով (դու և Պողոսը ի՞նչ եք մտածում անել) «ֆուտուրի՞ստ» եք, թե արդեն «անցյալ կատարյալ» յա կամ «aorist»: Եվ կամ ինչպես դուք ծառանալով հանձինս մեր ծառից էլ երկար Պոյի հետ — ես չիմացա, թե ի՞նչ եք անում և ի՜նչ եք մտածում, որովհետև դուք ինձ (Պո-ի ձեռամբ) գրելով, թե ուզում եք նոր Գարուններ հիմնադրել— ես չիմացա, թե ցնո՞րք է խաբուսիկ ու խուսափուկ, յա կամ թե իրականություն, յա կամ ինչ և «ո՜նց տի լի» էս բանը։ Գրեցեք, որպեսզի տեղեկանամ և իմանամ ինչպես որ հարկն է և գրեմ ոտանավորներ ու իմանամ, թե քանի տող պիտի գրեմ, թե չէ մուսայըս ասում է, թե ես քեզ ի՞նչ ներշնչեմ, երբ չգիտեմ քանի տող է հարկավոր և տողին ինչ պիտի տան, հետո անզգամաբար դարձավ ռսերեն... Եվ ես նրա անզգամության առաջ լռեցի ու պապանձվեցի, որ և հայտնում եմ ձեզ տեղեկացնելով և դուք ինձ գրեցեք ամեն բան։ Այս լրբական ոճից զահլաս գնաց։