Ինչո՞ւ գոհացել ես «պաշտոնական-հումորիստական» զեկուցագրով և էլ ոչինչ չես գրել, ո՛վ դու Կարենո։ Գրիր մի տեսնենք՝ ի՛նչ կա, ի՛նչ չկա։ Իմ մասին երևի ամեն ինչ քեզ հայտնի է Պո-ից, որին հայտնի են իմ կացությունն ու գործերը։ Եվ քո մասին նա գրում է ինձ, բայց ոչ մանրամասն և այդտեղի նորույթներից էլ, որովհետև ծույլ է յա կամ մոռանում է։ Առայժմ այսքանը։
Սուսաննան ողջունում է։
Եվ կամ ի՞նչ եղավ մեր «մեծերի» շաբաթաթերթի հարցը և ի՞նչ է խոսվում «Գարուն»-ի մասին, և ո՞վ է այն աներևակայելի մարդը, որ Պո-ին ասել է, թե 1000 մանեթ կտամ, և կամ մեծերը գիտե՞ն, որ մտադրություն կա նոր «Գարուն» տպելու մյուս ապա գա պատմաբանների համար։ Գրիր ամեն մի բանի մասին և իմ հասցեով ուղարկիր՝ ՍՊԲ Պետերբուրգյան կողմ, Մեծ պրոսպեկտ (Շիրվան, ականջդ կանչի), տուն 17, բնակարան 34, հասանե ի ձեռն Վահանա Տերյանի։
79. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Մի մեղադրեք երկարատև լռության համար, Անտենկա։ Եթե հիմա ուզենամ որոնել այդ լռության պատճառը, հավանաբար կգտնեմ մեկից ավելի և լիովին հարգելի պատճառ, սակայն նույնիսկ բոլոր պատճառները միասին, երևի չեն լինի այն, ինչ որ իրոք «պատճառ» էր ծառայել, որովհետև մի՞թե ես գիտեմ պատճառը, համ էլ մի՞թե ամեն ինչ պատճառ ունի։
Գիտեմ, ճիշտ է, որ վերջին ժամանակներս զբաղված էի, վատառողջ էի, կամ անտարբեր նստում էի սեղանի առաջ և փոխանակ ՍՊԲ-ի համալսարանի հարգելի դասախոս Պ. Խաշչաբի՝ արաբերենի քերականությունը կարդալու, մատներս էի կրծոտում և աստված գիտե ինչի մասին մտածում։ Գիտեմ, որ հաճախ էի մտաբերում ձեզ և մտածում՝ «Վաղուց պիտի որ գրեի նրան», կամ էլ
9 Վ. Տերյան, հատոր IV