Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/133

Այս էջը հաստատված է

մասն էլ չես ասելու, ձեռքդ թուլանում է և ասում ես. «է՜հ, թող մնա, դեռ տեսնենք մինչև ո՞ւր կգնա»։ Եվ ո՞ւմ պիտի ասեի ասելիքներս, եթե ոչ քեզ, բայց մեռած տառերի տեղ կուզեի կենդանի խոսքով ասել, մինչդեռ անկատար է մնում բաղձանքս, և չգիտեմ պիտի հաջողվի՞ գոնե այս տարի Կովկաս ընկնել ու տեսնվել հետդ։ Անշնորհք ու անօգնական մարդիկ ենք—վա՜յ մեզ։ Պողոսը եկավ այդ կողմերը, երևի տեսնվեցիր (ասում էր, որ կանցնի մոտդ՝ եթե Բաքու իջնի)։ Չգիտեմ ինչո՞ւ լուր չկա նրանից (գնում էր զինվորագրության Հին Նախչվան), շատ անհանգիստ եմ: Նոր տարուն հեռագրեցի՝ ոչ մի պատասխան։ Շատ անհանգիստ է սիրտս — վաղն ուզում եմ էլի հեռագրել։ Գրում ես, որ թերթին աշխատակցեմ։ Չգիտեմ ի՞նչ ասեմ։ Լավ է ոչինչ չասեմ առայժմ—տեսնենք ինչպես կլինի։ Այժմ հոդված չեմ գրի, բայց ուզածդ հոդվածը Լերմոնտովի մասին մեծ ուրախությամբ կգրեի, եթե ամառս ազատ լինեմ։ Տեսնենք ինչպես կլինի։ Այժմ ուզում եմ երկու նապաստակ բռնել և այստեղ պարապել, և գարնանը Մոսկվայում պետական քննություններս տալ։ Եթե գրական որևէ աշխատանք վերցնեմ էլ, միայն փողի համար կանեմ այժմ, քանի որ դրությունս շատ վատ է, իսկ ինքնաբերաբար աշխատելու ոչ մի հնարավորություն չկա։ Համենայն դեպս եթե որևէ հնարավորություն լինի, կաշխատեմ ցանկությունդ կատարել, եթե ոչ այժմ, գոնե ամառը (հոբելյանը դեռ հեռու է—չէ՞ որ ես դեռ գիրք էլ պիտի հրատարակեմ—այդ բոլորը ամառն եմ անելու!!)։ Սուսաննան այստեղ է՝ ուզում է պաշտոն գտնել, բայց չգիտեմ պիտի հաջողվի՞, թե ոչ։

Նամակս սկսեցի երկու օր առաջ, բայց չվերջացրի։ Երեկ Պողոսից նամակ ստացա, որից երևաց, որ գնացել է Նախչվան առանց Բաքու մտնելու։ Ամսի 14-ին պիտի քննության ենթարկվի, և կպարզվի նրա վիճակը։ Տրամադրությունս լավ չէ, սիրելի Ցոլ, և գրելու հավաս չկա։ Կուզեի զրուցել հետդ երկար ու բարակ, բայց գրելու հալ չկա իսկի։

Այս րոպեիս մեր մոտ է Օնիկը և մի աղջիկ, որին դու չես ճանաչում։ Վեճ բարձրացրին և ավելի ևս փչացրին տրամադրությունս։ Իսկ նամակս ուզում եմ ղրկել, վասնզի մարդկություն չի լինի, եթե գոնե այսպիսի մի նամակով չպատասխանեմ քեզ։ Ուրեմն գոհացիր առայժմ սրանով և մի մոռանար ինձ — գրիր երբեմն