Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/135

Այս էջը հաստատված է

քանի որ պարապմունքներն սկսվում են, և ես սարսափելի ծանրաբեռնված եմ աշխատանքով և բոլորը շտապ ու անհետաձգելի։ Այդ բոլորին գումարած՝ վերջերս հրավեր ստացա «Մշակ»-ի խմբագրությունից աշխատակցելու, ընդ որում խնդրում են ամիսը երեք չորս հոդված, որը հեշտ չի լինի իմ պարապմունքների պայմաններում։ Սակայն ես համաձայնություն տվեցի, որովհետև նյութական գործերս, ինչպես ձեզ հայտնի է, այս տարի լավ չեն և ստիպված եմ չարհամարհել այդ կողմնակի գոնե ոչ մեծ վաստակը։ Բայց գլխավորն այն է, որ այսօր ուզում եմ գրել հենց ձեզ, թեև որոշակիորեն չգիտեմ, թե ինչ եմ գրելու:

Գարնանը կգամ Մոսկվա պետական քննությունները հանձնելու, ահա և կտեսնվենք։ Ճիշտ է, դա այնքան էլ «շուտով» չէ, բայց ոչինչ չես կարող անել։ Իսկ դուք տոներին իզուր չեկաք Պիտեր։ Ծիծաղելի է, որ սպասում էիք իմ կանչին։ Մի՞թե կասկածում էիք, որ ինձ հաճելի է ձեզ տեսնելը: Չեմ կարող հավատալ դրան...

Ասում եք, իբր չեմ կատարում ձեր «փոքրիկ խնդրանքները»: Չեմ կարող հասկանալ, այդ ի՞նչ խնդրանքների մասին եք խոսում։ Եթե դա վերաբերում է մենակ նամակներին, որ չեմ ուղարկում ձեզ (նրանք, դժբախտաբար, արդեն ոչնչացված են), ապա չարժե դա խնդրել, որովհետև, աստված վկա, այնտեղ ոչ մի առանձին բան չկար։ Ես ձեզ հաճախ եմ անկեղծորեն գրել ամեն ինչի մասին, որ խնդրել եք, և ես ձեզնից թաքցնելու ոչինչ չունեմ, համենայն դեպս այն ասպարեզում, որ կապված է ձեզ հետ, կամ դեպի ձեզ ունեցած իմ վերաբերմունքի հետ։ Ճշմարիտ, Անտենկա, ես դեպի ձեզ վերաբերվում եմ արտակարգ անկեղծ ու շիտակ:

Այսպիսով, ավարտում եմ նամակս։ Առայժմ ամենայն բարիք ձեզ, առողջություն, ուրախություն։

Բարևս ձերոնց բոլորին։ Խոնարհ ողջունեցեք նաև Մ. Դ.-ի գերեզմանին։ Միայն շատ եմ խնդրում ձեզ, Անտենկա, զուսպ լինել այդ տխրության մեջ, որովհետև շատ եմ վախենում, որ կողքից նայողին գեղեցիկ չերևա, իսկ դրան ամենից քիչ է արժանի ձեր տխրությունը սիրելի, լավ Մ. Դ.-ի համար։ Թող ձեր վիշտը լինի մեղմ, մի քիչ թաքուն, թող չլինեն ոչ ճիչեր, ոչ հիստերիա, ոչ թատերայնություն (կողմնակի դիտողի համար, գիտեմ, որ ձեր մեջ չկա թատերայնություն, բայց որպեսզի կողմնակիներին դա այդպես