Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/137

Այս էջը հաստատված է

հույս ես տածում, որ այսօր չէ էգուց կգրես — հետաձգում ես, հետաձգում և այդպես երկա՜ր չի գրվում։ Դա բոլորովին չի նշանակում, թե ես անտարբեր եմ քո վերաբերմամբ և այժմ իմ սրտում չկա այն զգացմունքը, որի մասին դու գրում ես։ Աշխարհիս երեսին ունեմ-չունեմ մի երկու մտերիմ մարդ ունեմ և դրանց կորցնելը ինձ համար ավելի ծանր կլիներ, քան թե դու ես կարծում։ Եթե դու իմ պայմաններում լինեիր, կտեսնեիր, որ նամակներ գրելու համար պետք է շատ բան կորցնել, ոչ թե նրանով, որ մի ժամ կամ երկու ժամ ժամանակ է կորչում, այլ նրա համար, որ դրանից հետո ես այլևս անկարող եմ լինում պարապել այն բաներով, որոնցով պետք է պարապել։ Ես դրանից հետո օրերով մտածում եմ ուրիշ բաների մասին, որ առանց այդ էլ հանգիստ չեն տալիս ինձ ու մի քանի մասի են բաժանում։ Ես վախենում եմ բանաստեղծություններիս տետրակները սեղանիս արկղից հանելու, ես վախենում եմ նոր գրքեր կարդալու—այդ բոլորը շատ հեռու է տանում ինձ այն նպատակից, որ ես դրել եմ ինձ։ Հազար ու մի բան ունեմ գլխումս՝ գրելու, բայց գիտե՞ս, թե որքան ուժ պիտի գործ դնեմ, որ զսպեմ ինձ և այդ թողած զբաղվեմ արաբական, վրացական, պարսկական կամ հայկական քերականությամբ։ Գուցե սխալ ճանապարհ եմ ընտրել, բայց ես դեռևս այդպես չեմ կարծում և այդ ճանապարհը եթե շեղում է իմ ուղղակի գործից — դա ժամանակավոր բան է, կանցնի ու հետո—հետո եթե միայն անեմ ա՛յն, ինչ ուզում եմ, և կենդանի մնամ, կտեսնես, որ լավ եմ արել։ Եվ սխալ ես, երբ ասում ես, թե ես կամ Պողոսը փող չլինելու պատճառով է, որ չենք ուզում գործ անել։

Ով փողի ակնկալություն ունի, ուրիշ ճանապարհ է ընտրում — մենք այնքան հիմար չենք, որ չիմանանք այդ, մեղք ես անում, ու այդպիսի մեղադրանք ես բարդում մեր վրա։ Այդ մեղքից մենք միանգամայն ազատ ենք — երկար մտածելու կարիք չկա այդ բանն ըմբռնելու համար։ Արդ՝ ինչո՞ւ ես մինչև այժմ չկատարեցի քո խնդիրը։ Մի՞թե դժվար էր նստել մի քանի ոտանավոր արտագրել ու ղրկելը, կամ մի հոդված գրելը։ Եվ մի՞թե դու կարծում ես, որ ծանր չէ ինձ համար մերժել քո որևէ խնդիրը, մանավանդ այդպիսի մի խնդիր։ Ուրեմն լռիր։ Անցյալ տարվա սկզբին դեռ, երբ նոր էիք սկսում հրատարակել «Բաքվի Ձայն»-ը, ես ուզեցի ղրկել մի քանի բան, թեպետ իմ պայմանը վճարի մասին դուք «չէիք կարող»