Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/139

Այս էջը հաստատված է

«մասնագիտությանս» է վերաբերվում) սկսեցիք գնալ «Հորիզոն»-ի շավղով և տպել գրեթե օրըստօրե անթիվ ու անհամար ոտանավորներ, որոնց տասից մեկը եթե տպվեր, էլի շատ էր։ Ի՞նչն էր ստիպում ձեզ, որ կարծես թե պիտի հասկանաք պոեզիան և ջոկեք թխոցը իսկական պոեզիայից—ի՞նչն էր ստիպում այդ անելու։ «Խրախուսո՞ւմ» էիք։ Տեսնո՞ւմ ես, որ դուք էլ «Հորիզոն»-ի շավղով եք գնում։ Եթե դա անում էիք կարծելով, որ առաջ եք տանում հայ պոեզիան, ասելիք չունեմ, ուրեմն մեր հասկացողությունները պոեզիայի մասին շատ են տարբեր։ Եթե անում էիք «տեղ լցնելու» համար—ծիծաղելի է, որ այդքան արհամարհելով պոեզիան, նրան դարձնում եք տեղ լցնելու նյութ. չէ՞ որ այդ ոտանավորները, բացի այդ, շատ քիչ տեղ են բռնում և տեղ լցնելու համար ավելիշ հարմար նյութ կարելի էր գտնել։

Բայց գուցե (և երևի ամենից շատ այս է ձեր նպատակը) «խրախուսում» էիք Թիֆլիսի կոլեգաներից և «պատանի գրական շարժումից» (!!) («Հորիզոն»-ն է այդպես գրել)։ Ասա, ի՞նչ կարիք ունեք այդպես վարվելու։ Մի՞թե կարիք կա մեր ընթերցողին, որ առանց այդ էլ պոեզիայի մասին զարհուրեցնելու աստիճան վայրի հասկացողություն ունի, որ պոեզիան լավագույն դեպքում թեթևամիտ մարդկանց դատարկաբանություն է համարում, որը սևը սպիտակից ջոկելու տարրական հասկացողություն չունի, ասում եմ, մի՞թե կարիք կա ավելի ևս հաստատելու այդ հասկացողության մեջ՝ տալով նրան այդ թխոցները, որոնք, գիտեմ, որ քեզ չպիտի դուր գան։ Եվ ինչո՞ւ դու, Ցոլակդ, որ իմ Ցոլակն ես, որ հասկացողություններովդ նույնպես սիրելի ես, ինչպես և անձովդ ամբողջ, կարիք ես զգում խնդրելու ինձնից, որ ես իմ իսկականը (լավ թե վատ, նշակ չունի, բանն այն է, որ իսկական լինի) դնեմ այդ կեղծարարների կեղծ ստեղծվածների կողքին։ Սա անհամեստություն չէ—սա սկզբունք է, սա հասարակական տեսակետ է, սա արժանապատվության զգացում է, սա հարգանք է դեպի պոեզիան, սա վերաբերվում է ոչ միայն ինձ, այլ և Իսահակյանին, և Թումանյանին։ Թումանյանին գնահատողը նրան չի դասե տգետ ու անշնորհք թխիչների կողքին — սա տարրական բան է։ Ո՞ւր է, եթե գար այն մարդը, որ արևի պես վառվեր մեր երկրում և իր փայլով ու փառքով մեռցներ մեզ բոլորիս, մի՞թե դու կարծում ես, որ ես չպիտի երկրպագեի նրան։ Եվ մի՞թե կարծում ես, որ ես դեմ եմ,