Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/14

Այս էջը հաստատված է

Սերգեևիչից և Նազար Սերգեևիչից՝ ծանրոցների, հատկապես շամպայնի համար, որով դեռ երեկ հյուրասիրում էինք մեր հարսնահորը հանդերձ ընտանյոք (Կուսիկյանին—Լազարյան ճեմարանի իմ նախկին ուսուցչին և մեր բարեկամին) և իմ մանկության բարեկամին ու ընկերոջը՝ Ցոլակին, որը եկել է մի քանի օրով և ապրում է մեզ մոտ։ Նա մեր խաչեղբայրն էր և իր ողջույնն է հղում Ձեզ։ Շնորհակալ եմ նաև բոլոր ձերոնցից շնորհավորանքների ու մաղթանքների համար, և հատկապես երիտասարդ «թամադա» Ալեքսանդր Սերգեևիչից և փոքրիկ Ռուբենից ու Արմիկից, որոնք առանձնապես հուզեցին մեզ, որպես ապագա մանկավարժների։ Մի խոսքով բոլորին՝ Ձեզ և Ձեր զավակներին և Ձեր զավակների զավակներին հղում ենք մեր ողջույնը լավագույն ցանկություններով հանդերձ։ Տա Աստված Ձեր բոլորին առողջություն և երջանկություն։

Ամենայն բարիք։ Համբուրում եմ Ձեր ձեռքը։
Ձեր Վահան Տերյան

7. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1911, 3 մարտի, Մոսկվա

Մի բարկացեք, սիրելի Անտենկա, որ այդպես երկար չէի պատասխանում ձեր նամակներին։ Բանն այն է, որ ես ամուսնացել եմ և դրանով իսկ ինքնին վերացավ իմ ձեզ մոտ գալու հարցը, թեև ձեզ տեսնելու իմ ցանկությունը հիմա նվազ չէ, քան առաջ։ Երբ ձեզ գրում էի, թե կգամ, ամենևին չէի ենթադրում, որ դա (այսինքն իմ ամուսնությունը) այդքան շուտ կկայանա։ Ահա թե ինչու հակառակ իմ կամքի «խաբեցի» ձեզ, եթե միայն դա կարելի է խաբեություն անվանել։ Հավատացնում եմ ձեզ, որ շատ կուզենայի ձեզ հետ տեսնվել։ Մտադիր չե՞ք արդյոք Մոսկվա գալու։ Այդ դեպքում ինձ չմոռանաք։ Ասենք, այդ ամենի մասին ես հիմա չեմ համարձակվում խոսել, որովհետև կարծում եմ, որ սարսափելի բարկանում եք ինձ վրա և չեք էլ ուզենա ինձ ճանաչել։ Իսկ եթե ոչ, ապա գրեցեք, և մենք դարձյալ կլինենք բարեկամներ։ Հա՞։ Ի՞նչ եք անում։ Ինչպե՞ս են ձեր գործերը։ Ամառն ո՞ւր եք մտադիր