Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/140

Այս էջը հաստատված է

որ խրախուսվեն երիտասարդները։ Բայց պետք է խրախուսել նրանց, որոնք բանի պետք են և, որ գլխավորն է, ուրիշ կերպ պետք է խրախուսել և ոչ թե հասարակական օրգանը աշակերտական մարզանքների ու տիրացուական բարբաջանքների ասպարեզ դարձնել։

Անշնորհքներին կամ դեռ այբը բենից չջոկող աշակերտներին խրախուսելը այդ ձևով, որով դուք եք խրախուսում և «Հորիզոն»-ը, գրականությունը վարկաբեկող բան է, անարժան մի բան։ Ով այդ անում է, չի հասկանում ինչ է անում, կամ թե չէ չի հարգում մեր գրականությունը, չի կամենում, որ նա բարձր լինի և չխառնվի ցեխի հետ։ Ես դեռ հասկանում եմ այն մարդկանց, որոնք խրախուսում են Շուշանիկ Կուրղինյանին որոշ տեսակետից ելնելով (թեպետ սխալ և անիմաստ), բայց ինչո՞վ բացատրել թերթը անպետք ու հիմար, միանգամայն անպետք բառերի կույտով լցնելու այդ ցանկությունը։ Չէ՞ որ լրագիրը կարող է երբեք չտպել ոտանավոր և դա չի վնասե նրան։ Ոտանավորը միայն ճոխություն կարող է լինել մի լրագրի համար, իսկ այդ դեպքում կարիք չկա նմանվել այն թեթևամիտ կանանց, որոնք ամեն ճիգ գործ են դնում հարուստ կանանց նմանվելու և կեղծ քարերով են զարդարվում։ Նրանց ներելի է, իսկ ձեզ ոչ, որովհետև կյանքի մեջ գուցե կեղծիքը այնքան աչք չի ծակում, որքան գրականության մեջ, այստեղ կեղծարարությունը զզվելի է միանգամայն։ Եվ եթե այդքան առատ տեղ չտային մեր թերթերը հիմար, անպետք, վատ թխոցներին — մենք չէինք ունենա այն անթիվ գրողներին (ո՞ր գրել-կարդալ իմացող հայը «գրող» չէ և ո՞րը տեղ չի գտնում մեր թերթերում), այն չգնահատված հանճարներին, և իսկական պոեզիան ու գրականությունը գուցե ավելի վարկ ունենար ու ավելի հարգանք վայելեր։ Եվ որ գլխավորն է, այդ «ջահելները» կաշխատեին, առաջ կգնային և նրանցից մեկն ու մեկը գուցե և դառնար իսկական գրող և ոչ այն գրողներից, որոնք միայն մեզանում են այդ նույնը կրում և գրող են կոչվում միայն նրա համար, որ գրում են։ Այդ թշվառականները, որ այսօր լցնում են թերթերն իրանց աղքատիկ մտքի ու չնչին զգացումների արտագրություններով, կաշխատեին ընկնել մի այդպես բարձր կանգնած թերթ, համարելով այդ մի տեսակ քննություն, մի տեսակ վկայական։ Եվ գոնե կլինեին литературным եթե ոչ շնորհքով — չէ՞ որ դա տարրական պահանջ է։ Արի ու