Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/141

Այս էջը հաստատված է

Վարդգեսի նման մի ասի. «ըթենց եք անում, որ հայոց թագավոր չի ըլում»։

Երբ առաջին ոտանավորս տպվեց «Մուրճ»-ում, պետք է իմանայիր է թե որքան հպարտ զգացի ինձ, բայց այդ ոտքերիս տակ հաստատ հող զգալու լավ րոպեն չճաշակած լիովին» տեսա, որ մեր թերթերում «տպվելը» (печататься) ոչ մի նշան չէ, այնինչ ես կարծում էի (և այժմ ուզում եմ, որ այդպես լինի), որ դա նշան է։ Իդեալը անհասանելի է, ոչ ոք երաշխավորել չի կարող ոչ իր ճաշակի, ոչ թափանցականության համար, սակայն տարրական չափը պահպանելը այնքան էլ դժվար չէ։ Հասկանալի կլիներ, եթե տպեիք մի անվանի գրողի անպետք բաները (օրինակ, Իսահակյանի Զավարյանին նվիրված ոտանավորը), որովհետև արժանավոր գրողի անպետք գրվածն էլ հետաքրքրական ու բնորոշ է, վերջապես դա նպաստում է թերթի տարածման, թերթի վարկի բարձրացման և այլն։ Իսկ եթե ուզում եք խրախուսել երիտասարդներին, եթե կան այդպիսիք, մի՞թե չգիտեք, որ դա ձև չէ ինչ որ դուք եք անում, որ կան ուրիշ ճանապարհներ խրախուսելու, առաջ տանելու դրանց, ճիշտ է, այդ ճանապարհները այնքան էժան չեն և ձեռնտու, ինչպես ձեր ընտրածը, բայց նրանք նպատակահարմար են, և խելացի, և ազնիվ։

Թումանյանի հետ խոսեցի անցյալ տարի այդ առթիվ, երբ Մոսկվա էր— ասում է թող տպեն («Հորիզոն»-ի մասին էր խոսքը), ով շնորհքով է, առաջ կգնա, ով անշնորհք է, կմեռնի ու կմոռացվի։ Սխալ է այս կարծիքը և ոչ ծանրակշիռ։ Չէ՞ որ հարցը միայն այդ շնորհքով ու անշնորհք գրողներին չի վերաբերվում, այլև ամբողջ գրականության՝ առանց այդ գրողների, և չէ՞ որ կա հասարակություն, որը, ինչպես Բոդլերն է ասում, «սովորել է, որ իրան աղտեղություններ ներկայացնեն» պոեզիայի փոխարեն, չէ՞ որ ժամանակն է այդ հասարակության սովորեցնելու, որ զատեն Հովհաննես Թումանյանին Արշակ Թումանյանից, և մենք էլ զատենք։ Եվ դա պետք է անել ոչ միայն այն ժամանակ, երբ քննադատական հոդված ենք գրում, այլև երբ թերթ ենք հրատարակում, ամեն տեղ, ամեն օր։ Իսկ եթե այդ հաստ ու բարակը ջոկելու ընդունակությունը կորցրել եք (լրագիրը մի կերպ պահպանելու ազնիվ գաղափարով ոգևորված), միթե չե՞ք զգում, որ նմանվում եք նրանց, որոնք ուզում են պահպանել Դուման առանց այն