իմաստի որ կա Դումայի մեջ։ Եվ եթե դուք տեղ լցնելու համար եք տպում «բանաստեղծությունները», ապա ի՞նչ տարբերություն, թե ինչով եք լցնում՝ ի՞մ գրվածներով, թե՞ Մորյանի կամ Քորյանի, մի՞թե միևնույն չէ (գիտեմ, կասես ոչ շնորհակալ եմ բարձր կարծիքիդ համար, որը ես էլ միշտ բարձր եմ գնահատել, բայց արածիցդ դուրս է գալիս, որ տարբերություն չկա)։ Չէ՞ որ իմ տողերը տպելիս առաջը մի այսպիսի նկատողություն չես դնի թե՝ «ինչ որ մինչ այժմ տպում էինք, մի քանի բացառությամբ (շատ քիչ), թխոց էր, իսկ սա իսկական պոեզիա»։
Եվ մի ապավինիր թերթի մաքրությանը: Դա առաձգական հասկացողություն է, և հետո, ախր ի՞նչ նշան ունի տանը մնացած աղջկա մաքրությունը (կասկածելի մաքրություն, որ, գուցե, ոչ ոքին հարկավոր չէ)... Իսկ ձեր թերթի «մաքրությունը», որի մասին այնքան սիրով խոսում ես և որը հակադրում ես մյուս թերթերին, այնքան էլ անպայման չէ։ Ձեր թերթի միակ առավելությունը իմ աչքում այն է, որ մեջը կաս դու և մի երկու ուրիշ անձեր, որոնց ես սիրում եմ և գնահատում, և միայն այդ մարդկանց և գլխավորապես քո պատճառով է, որ թերթը կարդալու կարիք եմ զգում: Քո հոդվածները եթե հանենք թերթից, շատ քիչ բան կմնա, իսկ եթե այդ մի քանի բանն էլ հանենք, որ քոնի հետ թերթի 20-րդ մասն էլ չի բռնում, մնացյալը զամբյուղի նյութ է։ Մի բան իրավ որ գնահատելի է—դա այն է, որ գոնե երբեմն անաչառ եք, տարրական անաչառություն, որ պարտավորեցուցիչ է ամեն մարդու համար։ Արդ երբ ձեր թերթը գաղափարական տեսակետից բոլորովին հեռու է իմ ըմբռնումներից, երբ դա քո թերթը չէ (որ կարող էր առաջ գնալ և փոխվել), ի՞նչ հիման վրա դու կարիք ես զգում խնդրելու, որ ես ձրի աշխատակցեմ այդ թերթին։ Քեզնից խնայելու բան չունեմ ես, Ցոլակ, իզուր ես կասկածում իմ զգացմունքներում դեպի քեզ։ Ուրախությամբ պիտի կատարեմ խնդիրքդ միայն նրա համար, որ դու ես խնդրում, մինչև իսկ եթե դա շատ անախորժ լինի ինձ։ Բայց ինչու դու այդ ես խնդրում ինձնից։ Ախր հանուն ի՞նչ գաղափարի ես պիտի գրեմ մի թերթում, դեպի որը շատ քիչ համակրություն եմ տածում, որի գաղափարները իմ գաղափարները չեն, որի աշխատակիցների մեծ մասը ինձ հակառակ են գաղափարով և անհամակրելի (օրինակ Լեոն և շատ ուրիշները—անուններ թվելու կարիք չկա)։