Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/144

Այս էջը հաստատված է

Եթե հիրավի մեկը այդքա՜ն ուզում է իմ աշխատակցությունը, գնահատում է այն, թող հաճի հարգել ինձ և իմ պահանջները (դա տարրական տրամաբանություն է, տրամաբանություն էլ հարկավոր չէ այդ ըմբռնելու համար)։ Եթե ձեզ համար (ինչպես և մյուսների) հարկավոր է իմ աշխատակցությունը, հաճեցեք իմ պահանջը ևս հարգելու—դա մեկը մյուսից բխում է «բնաանհրաժեշտորեն», կամ այնպես արեք, որ ինձ էլ ձեռնտու լինի գրել ձեր թերթում։ Ախր ինչո՞ւ պիտի ես գրեմ — մի՞թե ես բան ու գործ չունեմ, և մի՞թե ազգին ծառայել կարելի է միայն այս կամ այն թերթին աշխատակցելով։ Հարգեցեք գրականությունը ոչ խոսքով, եթե սուտ չէ ձեր ասածը թերթում։ Քարից փող ճարեցեք տվեք ինձ, եթե հիրավի այդպես ցանկանում եք, որ ես գրեմ (սա քեզ չի վերաբերվում, այլ նրանց, որոնք Ցոլակ չեն և համարձակվում են դիմել ինձ՝ առանց դրա համար գաղափարական հիմունք ունենալու)։

Շուտով պիտի հրատարակվի մի թերթ ևս, և ես գիտեմ, որ պիտի դիմեն ինձ և որոշել եմ տողին 1 ռուբլի պահանջել։ Ոչ թե նրա համար, որ այդպես եմ գնահատում աշխատանքս, այլ նրա համար, որ մարդիկ չեն ուզում հասկանալ տարրական բաներ։ Մի սխալ գործեցի՝ անցյալ տարի Լևոնյանին տվի մի քանի բան (թեպետ այնտեղ ուրիշ հաշիվ ունեի. այո, հաշի՛վ, մի զարմանա, մի նեղանա, Ցոլակ)։ Սա շահասիրություն չէ, սա սկզբունք է, պետք է վերջապես հասկանալ այդ։ Մինչև որ մեր մամուչը այդ ձրիակերության ճահճից չելնե, նա երբեք իր բարձրության վրա կանգնած չի լինի, մինչև որ մեր գրականությունը այդպես գնահատվելուց չազատվի, նա չի կարող առաջ գնալ։ Սա իմ հասկացողությունն է, և ինձ զայրացնում է քո դատողությունը, թե «մինչև երբ պիտի սպասեք, որ վարձատրվի և այլն»։ Ես ուղիղ եմ համարում «Գարուն»-ի ձևը—գտեք սուբսիդիա և արեք, չե՞ք կարող գտնել մի՛ անեք։ Ինչ վերաբերվում է «Մշակ»-ին—իրավ որ ես ուզում եմ այնտեղ գրել և ստացել եմ պաշտոնական հրավեր և խոստում, որ կվարձատրեն աշխատանքս։ Այժմ սկզբունքով համաձայնել եմ, բայց մի քանի պայման եմ գրել, եթե ընդունեն և եթե վարձատրության չափը տանելի լինի (իհարկե մասամբ կարիքն է ստիպում անել այդ), կգրեմ այնտեղ։ Եվ իզուր ես այդպես կտրուկ կերպով արտահայտվում «Մշակ»-ի դեմ—նա ունի մի քանի թերություններ, գուցե և խոշոր, ես «Մշակ»-ի երկրպագուներից