Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/148

Այս էջը հաստատված է

հարգելի թերթի էջերում։ Կա՞ արդյոք ավելի ծանր պարտականություն, քան հայ մամուլի մեջ որևէ մեկի դեմ բանակռվի դուրս գալու, ինչպես այժմ ասում են, «անշնորհակալ» պարտականությունը։ Որքան և ազնիվ ու մաքուր դրդապատճառներ լինեն ձեզ ստիպողը, որքան և սկզբունքի խնդիրները լինեն ձեզ ղեկավարողը քանի որ դուք հանուն այդ սկզբունքի դուրս եք գալիս որևէ անձի դեմ, դուք ենթարկված եք ամեն տեսակ անակնկալ վիրավորանքի և անվանարկության, որովհետև այն անձը, որի դեմ դուք համարձակվել եք դուրս գալու, ունի իր փոքրիկ սնափառությունն ու ինքնասիրությունը, որ նա ամեն սկզբունքից ու գաղափարից բարձր է դասում։ Եվ բավական է, որ դուք դուրս գաք այս կամ այն անձի դեմ (սոսկ իբր այս կամ այն գաղափարի քարոզչի դեմ, ոչ ավել, հեռու լինելով միանգամայն նեղ անձնական նկատումներից) և դուք արդեն թշնամի եք, և ձեզ տապալելու, ձեզ վարկաբեկելու համար ամեն միջոց ու ձև թույլատրելի է համարվում։ Ահա թե ինչու ծանր և անախորժ պարտականություն եմ համարում և ներկա բացատրությունս՝ քանի որ գիտեմ, թե ինչպես վարող է մտածել հայ ժուռնալիստը թեպետ ինձ ղեկավարողը լոկ սկզբունքն է (անձնական ի՞նչ հաշիվ ունեմ սրա կամ նրա հետ, երբ գրեթե ոչ ոքին չեմ էլ ճանաչում անձնապես) և արդարամիտ լինելու ցանկությունը։ Դեռ անցյալ տարվա վերջերին, սրանից մոտ մի ամիս առաջ, մի հոդված էի գրել, որ մտադրվում էի ուղարկել «Մշակ»-ին։ Քանի որ խնդրի բնավորությունը ստիպել է ինձ խիստ ոճով խոսելու, ես տարակուսանքի մեջ էի և չգիտեի կհամաձայնի՞ «Մշակի»-ի խմբագրությունը տպագրելու այդ հոդվածը։ Այդ պահուն Պետերբուրգ էր գտնվում «Մշակ»-ի մերձավոր աշխատակիցներից մեկը (որին վաղուց ճանաչում էի), և երբ հարցրի նրա կարծիքը՝ նա ասաց, որ «Մշակ»-ը կտպագրե, և խորհուրդ տվեց հոդվածս ուղարկելու։ Սակայն ես գերադասեցի սպասել, մինչև որ կվերջանան իմ բանակցությունները «Մշակ»-ի խմբագրության հետ (իմ՝ «Մշակին»-ին աշխատակցելու վերաբերմամբ)։ Ահա այդ միջոցին լույս տեսան պ. Առաքելյանի հոդվածները, որոնց դեմ բողոքել էին իմ ընկերները, միացնելով և իմ անունը[1]։ (Այդ դեպքը թյուրիմացության առիթ տվեց, որ շատ ցավալի է ինձ համար,

  1. ճիշտ է, ես չգիտեի նրանց բողոքի բովանդակությունը, բայց այսօր կարդալով պ. Հ. Ա.-ի նկատողությունը իմ մասին («Ուշացած բացատրություն»), թույլ եմ տալիս ինձ հավատացնելու պ. Հ. Ա.-ին, որ իմ ընկերներից հեռագիր ես ստացել եմ և այդ բանը չեմ հնարել (հեռագիրը կարող եմ ուղարկել խմբագրությանդ, եթե հնարավոր համարեք և այս պնդումից հետո կասկածի ենթարկելու իմ ճշմարտախոսությունը)։ Ասում եմ, ես չգիտեի ինչ ձևով են բողոքել իմ ընկերները և գուցե այդ ձևով ինքս չբողոքեի, սակայն ըստ էության բողոքին միանգամայն համաձայն էի։ Դա չի նշանակում, թե ես անթույլատրելի եմ համարում Գումանյանի դեմ գրելը, այլ միայն, որ այդ լեզվով չի կարելի խոսել ոչ միայն մի վաստակավոր և ամենայն սիրո ու հարգանքի արժանի պոետի մասին, այլև առհասարակ որևէ գաղափարական հակառակորդի մասին։ Պ. Հ. Ա.-ն հարցնում է, թե արդյոք ես նույնպե՞ս եմ վերաբերվում և իր՝ Հ. Ա.-ի հակառակորդներին— այդ հարցին պատասխան կտա իմ ներկա գրությունը: