Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/152

Այս էջը հաստատված է

Ահա այս բացատրությունը ես հնարավոր համարեցի առաջարկելու «Մշակ»-ի հարգո ընթերցողներին, քանի որ իրերը այնպես դասավորվեցին, որ ես հնարավորություն չունեցա հոդված տպագրելու։ Առավել ևս կարևոր է դառնում իմ բացատրությունը՝ քանի որ ես բողոքեցի պարոն Առաքելյանի հոդվածների դեմ, որովհետև արդարությունը պահանջում էր ասել այն, ինչ ասացի, և իմ խիղճը հանգիստ չպիտի լիներ, եթե այդպես չվարվեի:

Վահան Տերյան


87. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1914, 9 մարտի

Անտենկա սիրելի

Երբեմն «մեր խորհրդավոր միությունը»՝ (իսկ գուցե ձեր գլխից և հատկապես սրտից նա վաղո՞ւց է դուրս թռել։ Իսկ գուցե և բնա՞վ չի եղել դա) սկսում է ինձ ներշնչել մի տեսակ առանձնահատուկ զգացմունք, ձեռք է բերում մի տեսակ առանձնահատուկ իմաստ ու նշանակություն, և այդ րոպեներին ես մի տեսակ առանձնապես ուզում եմ ձեզ մոտ լինել։ Մի տեսակ անզուսպ, մինչև վերջ, ինչ-որ տարօրինակ ձևով, եթե այդ բառը այդպես գռեհկացրած չլինեին, ես կասեի «խելահեղորեն», հենց «խելահեղորեն»։

Երբևէ նման որևէ բան պատահո՞ւմ է ձեզ: Ինձ թվում է՝ ոչ։

Առաջին հայացքից դա կարծես թե մի տեսակ վիրավորական է, իսկ իրականում, գուցե և լավ է։ Գուցե դա դեպի լա՞վն է տանում։

Իսկապես, վերջերս հաճախ է մտքովս անցնում սիրո՞ւմ եք ինձ, վերջապես, թե ոչ։

Այդ հարցը ինձ չվերադարձնե՛ք, ինձ այդ հարցը չտա՛ք, լսո՞ւմ եք։ Միայն պատասխանեցեք։ Միայն, իհարկե, ճշմարտությունը։ Չգիտեմ ինչու, երբեմն ինձ համար սարսափելի է այդ մասին մտածելը։ Դա ավելի հաճախ լինում է, երբ հեռու եմ ձեզնից։ Իսկ երբ ոչ, մի տեսակ հանգիստ և ուրախ եմ (նույնիսկ երբ տխուր