Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/154

Այս էջը հաստատված է
1914, 9 մարտի

Երեկ ստացա ձեր բացիկը, դուք տրտնջում եք, որ մոռացել եմ ձեզ։ Բայց դուք սխալվում եք։ Բանն այն է, որ հիվանդ էի և միայն երեք օր առաջ եմ դուրս եկել հիվանդանոցից, որտեղ պառկած էի մոտ մի ամիս (երեք շաբաթից ավելի)։ Երիկամներս էին հիվանդ։ Հիմա էլ ես ինձ շատ վատ եմ զգում, և էլի բուժվել է պետք։ Եվ հիվանդանոցից էլ դուրս եկա, ճիշտն ասած, հակառակ բժշկի կամքի, որովհետև պետք է պարապել և հետո սարսափելի ձանձրացել էի այնտեղ պառկելուց։ Մի խոսքով, ինչպես տեսնում եք, գործերս լավ լեն։ Հաճախ էի մտածում ձեզ գրել, բայց մի տեսակ չէր գրվում, նամակների գլուխ չունեի, իսկապես։ Իսկ ձեզ մոռանալը՝ չեմ մոռացել։ Ահա սրա հետ ուղարկում եմ այն նամակը, որ գրել էի նախքան հիվանդանոց ընկնելս և մնացել էր։ Այս անգամ ուղարկում եմ, որպեսզի համոզվեք, որ չեմ ստում, թեև իմ կարծիքով դուք ոչ մի հիմք չպետք է ունենաք կասկածելու իմ ճշմարտացիությանը։ Ահա ես ուզում եմ, որ պատասխանեք նաև սրան առընթեր նամակին։ Դեպի ձեզ ունեցած իմ վերաբերմունքին դուք երբևէ չպետք է կասկածեք, եթե նույնիսկ մի ամբողջ տարի չգրեմ, որովհետև քի՞չ պատճառներ կարող են լինել դրա համար։ Չհիմնավորված և հապճեպ հետևություններ անել, առանց ամեն ինչ իմանալու, պետք չէ։ Այսպիսով իմացեք, որ մեր հարաբերությունները առաջվանն են մնում իրենից ամբողջ ծավալով, գոնե ինձ համար։ Իսկ թե ձեզ համար ինչպես է, այդ ինձ կգրեք դուք, հուսով եմ, միանգամայն անկեղծ։ Ճիշտ չէ՞, որ դուք միանգամայն անկեղծ կլինեք և ոչինչ չեք թաքցնի։ Ես, տեսնո՞ւմ եք, գրում եմ այն ամենը, որ կարող է հետաքրքրել այդ տեսակետից։ Ուրեմն դուք էլ եղեք անկեղծ ու շիտակ։

Առայժմ իմ պետական քննությունների հարցը չի վճռված։ Եթե որոշեմ հանձնել, Մոսկվա կգամ այս ամսվա վերջին (Սուսաննան կգա ամսի 20-ին, ինձնից մի քիչ շուտ, իր գործերով)։ Իսկ եթե որոշեմ չհանձնել, էլի կգամ ամսի վերջին կամ ապրիլի սկզբին։ Եթե ուզում եք, ամսի վերջերին եկեք այստեղ, իսկ հետո ինձ հետ կվերադառնաք Մոսկվա։ Ինձ մեծագույն հաճույք կպատճառեք, եթե գաք։ Ավելի վճռական եղեք և եկեք մի շաբաթով, լսո՞ւմ եք։ Ահա և ամենը առայժմ։ Գրեցեք։ Ի՞նչ նորություններ կան: