Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/157

Այս էջը հաստատված է

կուզեի լինել առավել, քան այդ ամենը (այսինքն, լավ է ինձ անձնապես սիրեն, քան իբր ոմն «Վահան Տերյան»), բայց չգիտեմ որչափ իրավունք ունեմ այդպիսի պրետենզիաների։ Իսկ ես ահա ուզում եմ իմ մասին գրել և գրելու բան չեմ գտնում, բացի այն, որ մի քիչ հիվանդ եմ, մի քիչ տխուր և գուցե մի քիչ էլ մոռացված (անձնապես) իմ ընկերների կողմանե։ Բայց խոնարհ է իմ սիրտը և երբ հիշում եմ, որ դեռ աշխարհում կան մի քանի մարդիկ, որոնք մի քիչ գուցե սիրում են, այդ էլ գոհացնում է ինձ և իմ քայքայված ջղերի շնորհիվ գուցե հուզում է նույնիսկ, և ես դառնում եմ բարի՜, բարի՜, այնքան բարի, որ ասել չեմ կարող:

Զատկին մտադիր եմ գալու Մոսկով քաղաքը պետական քննություններ տալու (իհարկե մտադրություն է լոկ). մենք մտադրվում ենք, «Մի ոմն Մոխրագույնը» կամ «Կանաչագույնը» (некто в зеленом) կամ «Կապտագույնը» — տնօրինում... Տեսնենք, ինչ կտնօրինե Անիկա։

Դո՞ւ ես «Մշակ»-ում գրող Կարեն Հզորյանը, չէ՞ որ դա քո կեղծանունն էր։ Եվ ի՞նչ ես անում Կարենոյ(ս) և կամ քո պիեսին կուզեի գալ, բայց ի՛նչ հնարավորություն, ինքդ դատիր — այն օրում չեմ, ով դու, զոկ — երկրորդ (առաջինը Պաուլն է, չէ՞). ինչպե՞ս անցավ և այլն, գրիր, հետաքրքիր եմ «իմանալի»։ Եվ կամ գրիր Մոսկով քաղաքի նորություններից և բամբասանքներից («ինչ կա ավելի քաղցր, քան բամբասանքը», բարբառեց երբեմն մեր Ցոլ- Ցիլլերը)։ Ի՞նչ եղավ մեր «Գարուն»-ի հարցը—գարունն ախր մոտենում է։ Պողոսը երևի փետրվարի 20-ից վաղ չի գա Մոսկով— ուրեմն մինչ այդ երևի հարցը կմնա առկախ — մեն-մենակ ի՞նչ պիտի անես որ...

Տեսնենք ի՞նչ դուրս կգա։

Ինչո՞ւ օրվա մեկը չես վեր կենում ու չես գալիս Պետրեբոլ — տեսնենք ինչ «կերպ» ունիս, ինչ «սֆաթ»... Այստեղ էլ «Շողեր»-ի հրատարակչական մասնաժողովի անդամ եմ, բայց դեռ բան չեն սկսել, չեմ իմանում ի՞նչ է լինելու—տեսնենք ի՞նչ կլինի... Գրիր, Կարենո, դու ինձնից ազատ ես—գրիր տեսնեմ ի՞նչ կա, ի՞նչ չկա, քեֆ, հա՜լ։ Շատ կարոտել եմ Մոսկովին։ Եվ ի՞նչ եղավ քո վեպդ անուշ... Գրիր և վատ մի լինիր։ Բարև արա մեր բոլոր ընկերներին ամեն մեկին առանձին, անուն առ անուն մտաբերիր ու բարևիր