Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/158

Այս էջը հաստատված է

մեր կողմանե: Եվ տեղեկացրու մեզ բոլորի մասին, և՛ քո մասին, և՛ որպիսությանդ մասին, և՛ գործերիդ մասին՝ գրի՛ր բոլորը:

Քո Վահան

Սուսաննան բարև է ղրկում քեզ։


90. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
1914, 24 հունիսի, Գանձա

Սիրելի Ցոլակ

Միհրդատը Թիֆլիսում ասում էր, որ դու պիտի գաս—ես էլ հույս ունեի, որ կտեսնվեմ հետդ։ Բայց չհաջողվեց։ Քեզ գրելու և ասելու բաներ շա՜տ կա, բայց չի գրվիլ այդ ամենը։ Մի ամսից մտադիր եմ գնալ Անի, այնպես որ հույս ունեմ, որ կտեսնվենք և հանգամանորեն կխոսենք ամեն բանի մասին։ Ես տեսնում եմ, որ տարածությունն ու ժամանակը իրանց քայքայիչ գործն առաջ են տանում, և շատ կցանկանայի տեսնվել հետդ ու մի հիմնավոր «ռեմոնտ» կատարել, վերանորոգել մեր կապերը, միևնույն ժամանակ ստուգել այս անցած օրերի ընթացքում կատարված փոփոխությունների չափը (անշուշտ փոփոխություններ շատ են կատարվել)։ Ահա երկու շաբաթ է գյուղում ենք—ես ու Սուսաննան։ Առայժմ գրեթե բան չեմ շինում։ Ձեր մասին էլ վերջնական տեղեկություն չունեմ՝ Ղարաքիլսա՞ եք, թե՞ մնացիք Բաքու։ Առանձին նորություն չունեմ հաղորդելու — բոլոր ասելիքներս ընդհանուր բնավորություն են կրում և երկու խոսքով ասելու բաներ չեն — անհրաժեշտ է տեսնվել ու երկար զրուցել։

Բոլորովին տեղեկություն չունեմ քո մասին վերջին ժամանակները։ Այժմ էլ աշխարհից կտրված եմ՝ լրագրներն իսկ մեկ-մեկ են գալիս, այնպես որ գրեթե ամեն ինչից բեխաբար եմ:

Ինչպե՞ս է Վարյայի քեֆը։

Գրիր իմանանք ո՞ւր ես, ի՞նչ ես շինում, ի՞նչ հալի ես։ Ողջ լեր, առայժմ այսքանը։ Բարևներս Վարյային և ձերոնց բոլորին:

Քո Վահան