Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/163

Այս էջը հաստատված է
93. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
1914, հոկտեմբերի II կես Պետերբուրգ

Դուք ինձնից չպետք է նեղանաք, սիրելի և լավ Նուարդ, իմ գործերը այնպիսի ընթացք ստացան, որ հնար չունեի իմ սրտի և հոգու մասին մտածելու։ Մոսկվայում, հակառակ իմ ցանկության և ի վնաս իմ գործի, մնացի ամիս ու կես և այն խառն ու անախորժ գործերի մեջ խրված։ Ձեր նամակը, Յուրի Նիկոլայիչի անունով ղրկված, միայն այսօր ստացա, որովհետև խիստ հիվանդ է եղել Յուրին և հնար չի ունեցել նամակները նայելու (դեռ այժմ էլ, ասում է, գուցե էլի կա Ձեզ նամակ — թոլորը նայել)։ Ես դեռ Մոսկվայից էի ուզում գրել Ձեզ, սիրելի Նուարդ, բայց, ինչպես վերն ասացի, չեղավ։ Այժմ արդեն անհնար է չգրելը (թեև դարձյալ գործերս ու տրամադրություններս բաբելական խառնակչության մի պատկեր են ներկայացնում)։

Զարմանալի դիպվածով Ձեր նամակը համապատասխան թվաց իմ տրամադրության։ Ապացույց՝ փարջին օրերը գրած (դեռ անմշակ, բոլորովին սևագիր) ոտանավորս՝ ահա.

Երգն այս անզոր ու անզարդ,
Թող հիշեցնե քեզ կրկին
Գարնան անձրևն այն զվարթ
Եվ «Եղեմ» այգին։

Այսօր անձրև է նորից,
Բայց աշնայի՜ն, հյուսիսյա՜ն —
Ինչպե՞ս չըզգամ ես թախիծ,
Ինչպե՞ս չափսոսամ...

Ինչպե՞ս սրտով մորմոքուն,
Ինչպե՞ս, ինչպե՞ս չըթերթեմ
Հուշեր, որ դառն այս միզում
Երազ են արդեն...

Եվ շողարձակ այդ աչքերիդ
Որպես գերի մի անզեն,
Ինչպե՞ս կիզող ցոլքերիդ
Սիրտըս չըպարզեմ...