Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/166

Այս էջը հաստատված է

որ իմ առաջին խոսքը համերաշխության և միության մասին է: Վաղուց ի վեր, պատերազմի սկզբից, ցանկություն ունեի խոսքն ասելու: Ուրախ եմ, որ «Մշակ»-ը արդեն այդ ասել է, սակայն կարծում եմ որքան էլ թույլ լինի, երբեք ավելորդ չէ այդ կոչը անելու, դրա համար վստահացա այս նամակս ուղարկելու, մանավանդ այն ենթադրությամբ, որ մի քանի հոգու ձայնը կարող է ավելի ազդու հնչել մեր բթացած իրականության մեջ, քան միայնակ մի հոգու կամ երկու հոգու ձայնը։

Այս հոդված-նամակիս բնավորությունը պահանջում է, որ ստորագրեմ իմ անունով, ուստի այդպես էլ անում եմ։ Հետագա թղթակցություններիս տակը կստորագրեմ կեղծանվամբ, իսկ հոդվածների տակ (պատասխանատու) միշտ կգրեմ իմ անունը։ Տեղեկատու թղթակցությունների տակ կարծում եմ կարիք էլ չկա իսկական անուն ստորագրել, այնպես չէ՞։

Ի վերջո Ձեր ներողամտությունն եմ խնդրում իմ ներկա անդրանիկ և հետագա հոդվածների վերաբերմամբ, որովհետև անփորձ եմ ժուռնալիստի պաշտոնում և անշուշտ թերություններ շատ կունենամ։

Իմ հասցեն կգրեմ Պետրոգրադից, ուր կմեկնեմ մի քանի օրից։

Սրտանց ուրախ եմ, որ Ձեր և Թումանյանի վեճը այդպիսի ելք ունեցավ և ողջունում եմ Ձեզ այդ առթիվ ի սրտե:

Ընդունեցեք անկեղծ հարգանքս։

Վահան Տերյան


95. ԿԱՐԲԱՐԻՉ ԿՈԻՍԻԿՅԱՆԻՆ
1914, 18 նոյեմբերի, Պետրոգրադ

Սիրելի Կարբարիչ

Ինձ խոզ մի համարեք խնդրեմ, այնքան ժամանակ չգրելուս համար։ Ահա թե բանն ինչ է։ երբ ես ստացա Ձեր «խնդրանոք» ինձ ուղարկած փողը և տարա, որ վճարեմ համալսարանի վարձը, ինձ ասացին, որ ես համալսարանից արտաքսված եմ համարվում за невзнос платы և պետք է փողի հետ միասին խնդիրք