Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/171

Այս էջը հաստատված է

Այս տարակուսանքը միայն իմս չէ, ուստի լավ կլիներ, որ բացատրեիք հրապարակորեն։ Կաշխատեմ որքան որ հնար լինի շուտ ուղարկել նյութ այդ ժողովածուի համար։

Ընդունեցեք հարգանքս

Վահան Տերյան

P. Տ. «Մշակ»-ը մինչև այժմ ուղարկվում է ինձ Մառի հասցեով. ես խնդրել էի փոխել հասցեն։ Կրկին անգամ խնդրում եմ կարգադրեք, որ թերթը ուղարկվի իմ հասցեով, որ հետևյալն է՝

Петроград,

Петербургская Сторона, Большой проспект,
дом № 21, квартира 40, Вагану Териан


98. ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
1914, 11 դեկտեմբերի, Պետրոգրադ

Մեծահարգ պարոն

Համբարձում Առաքելյան

Հոդվածս («Հոգևոր Հայաստան») արդեն պատրաստ էր, երբ ստացա Ձեր նամակը։ Ահավասիկ ուղարկում եմ ժողովածուի համար հինգ ոտանավոր2 և երկու ոտանավոր «Մշակ»-ի նոր տարվա №-ի համար (համաձայն Ձեր ցանկության)։ Եթե «Մշակ»-ի համար ուղարկածներս չհավանեք, ընտրեցեք ժողովածուի համար ուղարկածներից՝ մի խոսքով թողնում եմ Ձեր հայեցողության՝ ինչպես հարմար կգտնեք, այնպես կարգադրեցեք, միայն կխնդրեի չզատել «Երկիր Նաիրի» վերնագրի տակ դրած երկու ոտանավորը և երեք մանր ոտանավոր (ժողովածուի համար ուղարկածի մեջ), որոնց մեջ, ինչպես կնկատեք, մի ընդհանուր տրամադրություն կա։ Ստավրոպոլից ինձ գրում են, որ այնտեղի լազարեթում 200-ից ավելի հայ վիրավոր զինվոր կա և խնդրում են դիմել Ձեզ, որ նրանց համար մի օրինակ «Մշակ» ուղարկեք։ Արդյոք հնարավոր չէի՞ք գտնի այդ խնդրին գոհացում տալու։ Եթե այո՛, խնդրեմ թերթը առաքեք հետևյալ հասցեով՝

Ставрополь губернский,
Мартыну Сергеевичу Пахалову.