Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/172

Այս էջը հաստատված է

Մասնավոր մարդու հասցե եմ տալիս, որովհետև լազարեթի վարչությունը կարող է որևէ խոչընդոտ, արգելք հարուցանել թերթի ընթերցանության դեմ, մինչդեռ այդ մարդը, որի հասցեն տալիս եմ, երաշխավոր եմ, որ կանոնավոր ու անարգել կհասցնե թերթը զինվորներին։ «Ազգային» կոմիտեի մասին ես երևի կգրեմ հետագայում։

Ամենայն հարգանոք
Ձեր Վահան Տերյան


99. ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՑԱՆԻՆ
1914, 16 դեկտեմբերի, Պետերբուրգ

Սիրելի Կարեն

Դա ի՞նչ է... կողմիցդ, թե՝ «լակոնական նամակիդ պատասխանում եմ լակոնական նամակով»... հիմա պիտի նստես ու հաշիվ անես՝ քանի տող եմ գրել և ինքդ էլ նույնքա՞ն գրես։ Այդ... կոնստատելով անցնում եմ հերթական հարցերին: Ամենից առաջ «կապուտաչք» Գալինայի մասին, որը ոչ թե «կապուտաչք» է, այլ՝ գորշաչք (сероглазая) — ինչպես ցույց տվին իմ մանրազնին գիտական հետազոտությունները։ Բայց հանդիպել եմ նրան երկու անգամ և որովհետև իմ ոգով չէ (не в моем духе), այնքան էլ չեմ հետապնդել։ Ասենք, ճիշտն ասած, իսկի ժամանակ էլ հո չկա: Ես նրան ասացի, որ նա քեզ կպատկանի և նա այդ առթիվ խոստացավ ինձ ծանոթացնել իր փոքր քույրի հետ, որը «թխատես» է և իմ ճաշակոք։ Ես համաձայնեցա, բայց մինչև օրս հարմար առիթ չեղավ այդ իրագործելու։ Այսօր զանգեցի և նրա «փոխան» քույրը խոսեցավ, որին ամեն կոմպլիմենտներով հասկացրի, որ նա ամենից դյութական աղջիկն է տիեզերաց մեջ և նա շատ գոհ էր, և ասացի թե—քույրդ խոստացավ ինձ ծանոթացնել և նա ասաց՝ «խոսեցեք քույրիս հետ», և համեստափայլ էր ու քաղցրաձայն— ինչպես և Գալինան։ Վերջինիս ասի, որ հանձնարարել ես համբույր մատուցանել նրան և այդ առիթով հարց ծագեց, թե արդյոք քու խոսքը պետք է բառացի հասկանալ, թե սիմբոլաբար, այսինքն փոխաբերական մտքով։ Ես պնդում էի, իհարկե, բառացիի