Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/173

Այս էջը հաստատված է

վրա։ Վճռել ենք քեզանից հարցնել, որ ահա և կատարում եմ։ Հա՛, վերջին տեսակցությունի ժամանակ ասում է՝ եթե նա (այսինքն դու) հետաքրքրվում է ինձանով, ապա ինչո՞ւ ոչ մի տող չի գրում։ Ես (առաջուց, լի՛րբ, ասած լինելով քո գրական գործունեության մասին) ասեցի, որ դու իբրև խոսքի վարպետ երևի չես ուզում վատ գրել, իսկ լավ չես տիրապետում ռուսաց լեզվին կրթությունդ արտասահմանի համալսարանում ստացած լինելով։ Եվ նա ասաց. «Хоть одну строчку, хоть несколько строк бы написал, և հարցրեց, թե ե՞րբ ես գալու հոս — ես ասի՝ առայժմ այդ մասին լուր չունեմ։ Ուրեմն դու պիտի գրես նրան. կարող ես բացիկի վրա գրել, կոնվերտի մեջը դնել և ղրկել իրա հասցեով, որ ունես։ Թե չէ, շան որդի, ես սուտ դուրս կգամ ասելով, որ դու նրան տիեզերաց մեջ ամենից չքնաղ կույսն ես համարում (քո իսկ շահերի համար, անզգամ, որովհետև ինքս նրա քույրով եմ հետաքրքրվում ավելի, քան իրանով)։ Սակայն, իրավ, դու հոս գալու միտք չունի՞ս։ Վերջացնում եմ «կապուտ [ճիշտ] գորշ —աչքի» մասին։

Հիմա գանք ժողովածուին։ 1) Ռուսերեն՝ վնաս չունի, թեև վախենամ մունտառ դուրս գա, վասն զի հայքը փարա չեն դնի գործի համար, իսկ անփարա... լավը չի լինի, ուր մնաց պոեզը (լայն մտքով)։ Հետո՝ ո՞վ պիտի անե։ Հա՛, շատ իզուր ես Վեսելովսկիին խոթել գործի մեջ—եթե նա լինի՝ դրանից բան չի դուրս գա — անշնորհք ու անճաշակ մարդ է։ Ընդհանուր առմամբ ինձ դուր չի գալիս, որ մեր գրականությամբ այժմ միայն հետաքրքրվելու են (ոչ թե դու, այլ ուրիշներր), այժմ միայն ուզում են ժողովածու հրատարակել (այն էլ փող ժողովելու համար), մինչդեռ մենք մի քանի տարի է չենք կարող մի քանի հարյուր ռուբլի գտնել «Գարուն»-ի համար, որը նույնպես ժողովածու է։ Իսկ եթե բանը փողն է — դեհ, դա ավելի լավ է մի հաստագրպանից գջլել, քան գրականությամբ վաստակել։ Ուրիշ բան է, եթե մեր գրականությունը գին ունենար, և այժմ գրողները իրանք մի այդպիսի բան ձեռնարկեին իրանց կողմից՝ վիրավորների համար կամ պատերազմից վնասվածների։

Թե չէ այնպես դուրս պիտի գա, որ դուք ուրիշի հաշվով ուրիշին բարերարություն եք անում։ Այնպես չէ՞։ Եվ կարծում եմ, հայ գրողները իրավունք կունենան ձեր ձեռնարկած գործին արձագանք