Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/175

Այս էջը հաստատված է

ֆելիետոն։ Եվ գրեցի գովք Անդրանիկին, ուզում եմ ղրկել Առաքելովին «Մշակ»-ի համար (խնդրել է Նոր տարվա №-ի համար անպատճառ մի հոդված և ոտանավոր ղրկել), բայց տողը արժե մի ռուբլի վախենամ, երբ այդ կարդա Հաջին, կաթված ստանա կամ «Մշակ»-ում տպե, թե ես հանկարծակի խելագարվել եմ։ Բայց ուզում եմ ղրկել և գրել, որ «ձեր խնդրի համաձայն ղրկում եմ, բայց իմացած եղեք, որ տողը մի մանեթ է, թե չէ չտպեք»... Կարեն, գրիր... ի՞նչ կա, ի՞նչ չկա։ Մառին զանգեցի այսօր, ասաց, որ լեկցիային տեղ գտել եք-որտե՞ղ է։ Այստեղ նրա լեկցիան արգելել են, երևակայիր։ Եվ ես այդ գործում կորցրի ամենաքիչը 15—20 մանեթ, վասն զի պիտի գրեի։ Վա՜յ ինձ և բյո՜ւր վայ (Պողոսի ականջը կանչի)։ Գրի՛ր: Կարեն, մանրամասն և լավ։ Չորս թերթից պակաս չլինի։

Համբույրներով (իմ, ոչ թե Գալինայի)
Քո Վահան


100. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
1914, դեկտեմբեր, Պետրոգրադ

Ասելիք շատ կա, սիրելի Նվարդ, բայց գրելու հավաս ու հալ չկա։ Մի կողմ թողած իմ անձնական կյանքը, որ շատ է տխուր ու սրտամաշ, մեր իրականության մեջ կատարվող իրերն էլ ինձ չեն ուրախացնում, ավելին կասեմ, հույս էլ չեն ներշնչում, որ ապագան ավելի ուրախալի լինի։ Սակայն չկարծեք, սիրելիս, որ ես, սև հոռետեսությամբ լեցուն մարդկանց ցավով բռնված՝ հակում ունեմ ամեն ինչ վատաբանելու և սև տեսնելու: Ընդհակառակը, այնքա՜ն ջերմ բաղձանք կա իմ մեջ բաց սրտով ողջունելու գալիքը, այնքա՜ն ծանր են ինձ համար այդ դառն մտածումները, որ այստեղ էլ կցանկանայի գոնե սուտով ոգևորել ինքս ինձ—միայն թե ազատվեի այդ թախծալի մտածմունքներից ու տարակուսություններից։ Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու