Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/196

Այս էջը հաստատված է

և վերցրեք իմ թարգմանությունը Օսկար Ուայլդի «Սալոմե»-ի, որ անցյալ ձմեռ ղրկել էի նրանց (Հրատարակչական ընկերությանը) հրատարակելու։ Երևի չեն հրատարակում (իմացեք այդ հաստատ ու որոշ) և եթե վերցնեք, կամ ու զարկեցեք, կամ պահեցեք, երբ Պաոլոն գա, կտաք նրան, որ ղրկե ինձ, պիտի դրստեմ ու մշակեմ։ Չկարդաք հա՜, շատ բաներ եմ ուղղելու, և ոչ ոքին ցույց չտաք խնդրեմ, լսո՞ւմ եք։ Սիրելի Եվան Ֆադեյիչին և ձերոնց բոլորին ամենաջերմ բարևներս իմ և Սուսաննայի, վերջինը խնդրում է բարևել Ձեզ առանձնապես ևս։ Նամակս, գիտեմ, շատ հիմար բան դուրս եկավ, բայց կներեք, եթե այս հիմարությունը չգրեի պիտի էլի մի երկու ամիս սպասեի մինչև տրամադրություն լիներ ավելի լավը գրելու։

Վահան

Հասցես՝ Петроград, Петербургская

Сторона, Большой проспект, дом 20, квартира 6

Ինձ


112. ԱՆՏԵՆԿԱ ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
1915, 2 ապրիլի

Մի՞թե զարմանալի չէ, Անտենկա, որ դուք դատապարտում և կշտամբում եք ինձ մոռացկոտության համար, այն ժամանակ, երբ գուցե, ես ավելի մեծ իրավունք ունեմ այդ անելու, ի դեպ, ես այս ամենն ասում եմ ոչ նրա համար, որ հաշվապահության ու հաշվետարության հակում ունեմ։

Ճիշտ չէ, իհարկե, երբ ասում եք, թե ձեզ մոռացել եմ, սոսկ այն հիման վրա, որ ձեզ չէի գրում, ընդսմին երբ ինքներդ նույնպես չէիք գրում ինձ։ Կարող է պատահել, ձեզ համար հենց այդ էլ նշանակում է մոռանալ, այնինչ ինձ համար՝ ամենևին, որովհետև չէ՞ որ այս կամ այն պատճառով կարելի է չգրել, բայց հիշել և գնահատել։

Այ, ճիշտ է, երբեմն ինձ թվացել է, թե դուք այնքան էլ չեք գնահատում ինձ, դա ճիշտ է։ Իսկ ես միշտ և անփոփոխ վերաբերվել և վերաբերվում եմ անկեղծորեն բարեկամաբար։ Չգիտեմ, արդյոք ինձ վերաբերվո՞ւմ էիք և վերաբերվո՞ւմ եք նույնքան