Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/197

Այս էջը հաստատված է

լավ, բայց տխրում եմ, երբ կասկածում եմ դրան և երբ սկսում եմ մտածել, որ վրա է հասնում ամեն մի բարեկամության, իսկ առավել ևս կանացի բարեկամության վախճանը, հենց որ նրան դիպչի մի թեթև զեփյուռ (ո՛չ փոթորիկ, ո՛չ), կինը մոռանում է այդ բարեկամությունը, մեկին գտնելով:

Ես հազվադեպ եմ դավաճանում իմ մտերմական կապերին, և ինձ համար միշտ ծանր է կապերս խզել հին բարեկամներիս հետ, ինչ էլ որ պատահի։ Ես պատրաստ եմ շատ բան ներել ու հասկանալ և պատրաստ եմ շատ բանից հրաժարվել, որովհետև մեջ եմ բերում իմ բանաստեղծությունից, «եթե սեր չկա — ինչի- համար պիտի չարչարվեմ չար աշխարհումս։

Ահա այսպես, Անտենկա։ Եթե ինձ ավելի շատ սիրեիք, ապա ավելի լավ կհասկանայիք։ Սակայն սրա մասին բավական է, որովհետև եթե մտածեք, կտեսնեք, որ իմ բազմամյա վերաբերմունքը դեպի ձեզ լավագույն ապացույցն է ձեզ հետ կապված լինելուս, և դա կմնա միշտ, քանի դեռ դուք անկեղծ կլինեք ձեր վերաբերմունքի մեջ դեպի ինձ, իսկ մի այլ բան գրեթե չեմ որոնել բարեկամներիս մեջ։

Ավելին, ես չեմ կարող դավաճանել զգացմունքներիս, նույնիսկ երբ հակառակ կողմը դավաճանում է դրանց. այդպես եմ ես:

Նորով տարվելով, ես անցյալի հետ անխզելիորեն ամուր եմ կապված, և ըստ երևույթին «դավաճանելով՝ հավատարիմ եմ» այն ամենին, ինչին երբևէ սիրտս եմ տվել։ Հաճախ դրա համար ինձ թեթևամիտ են անվանում (դուք էլ, կարծեմ), բայց դա ճիշտ չէ։

Այ, օրինակ, հիշո՞ւմ եք, մի ժամանակ ես մի երկու անգամ հանդիպում էի Մարուսյա Շիրոկովայի հետ. և դուք ծիծաղում էիք, որ ես «տարված եմ», սակայն ինչո՞ւ իմ մեջ երբեք նրան տեսնելու ցանկություն չի առաջանում։

Այո, իմ սիրտը բաց է մարդկանց համար, բայց ամեն մեկը չի մտնի այնտեղ, ո՛չ այնպես հեշտ ու արագ, ինչպես կարող է թվալ և, գուցե, թվում է ձեզ։ Շատերի առաջ նա շրխկոցով փակվում է նույնքան անսպասելի ու ամուր, ինչպես քաղցրաբար բաց էր քիչ առաջ, մինչ այն, երբ զգաց, որ այս մեկն արժանի չէ, որ նրա առաջ բացվի և ընդունի: Իսկ նա, իմ սիրտը, լավ է զգում, թեև ոչ միշտ միևնույն արագությամբ։ Իսկ երբ մեկն այնտեղ մտավ, ինչպես երկնային արքայությունից կամ դժոխքից դուրս