Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/198

Այս էջը հաստատված է

չի գալիս, միշտ մնում է։ Ահա թե ինչու միշտ սխալված կլինեք, եթե իմ մեջ դեպի ձեզ որևէ վատ բան ենթադրեք, կամ կասկածեք՝ արդյո՞ք ձեզ միշտ հիշում ու գնահատում եմ։

Սեղմում եմ ձեր ձեռքը։

Ձեր Վահան

Սուսաննան այստեղ է, վերջերս նա իր համար տեղ գտավ, ծառայում է։ Նա բարևում է ձեզ։

Իհարկե, շատ ուրախ կլինեմ, եթե անցնեք, Պիտերում լինելու դեպքում։ Հասցես ծրարի վրա է։

Նամակս դեռ չեմ ուղարկել, ուստի ուզում եմ էլի որոշ բաներ ավելացնել։ Ուզում եմ ձեզ մի առաջարկություն անել։ Ահա որն է դա. մի դիրք կա՝ «Le peuple armenien» (son passe, sa culture.son aveuir) շատ փոքր է, մոտ վաթսուն փոքրադիր էջ։ Դա հայ գրող Չոպանյանի Փարիզում կարդացած հասարակական դասախոսությունն է։ Ահա, չէի՞ք համաձայնի այդ գրքույկը թարգմանել ինձ հետ մեկտեղ։ Ես ուզում եմ փորձել հրատարակել այն կամ զետեղել որևէ հանդեսում։

Իհարկե, կհասկանաք, ինչու եմ ասում «ինձ հետ մեկտեղ», չէ՞ որ ֆրանս. ես շատ միջակ գիտեմ (?), բայց փոխարենը, ինձ թվում է, որ ռուսերեն շատ ավելի լավ գիտեմ. ահա և միասին կթխենք այդ գործը։

Այդ գաղափարն իմ մեջ ծագել է ոչ ինքնուրույն, այլ նրա համար, որ երեկ Մաքսիմ Գորկու մոտ էի, որն ինձ իր մոտ էր հրավիրել դրական գործով։ Նա ուզում է հրատարակել «Армянский сборник» (հայ գեղարվեստական գրականությունից, հանգամանալից ներածությամբ) և այդ ժողովածուն կազմելը հանձնարարեց ինձ և իմ մի բարեկամին։ Ահա հենց այստեղ իմ մեջ միտք ծագեց թարգմանել այդ բրոշյուրը և լույս ընծայել, կարծես թե հիմա նա տեղին կլինի։

Ի՞նչ եք կարծում այդ մասին, գրեցեք ինձ։ Եթե Պիտերում լինեք, անցեք, կխոսենք այդ մասին էլ։

Կարող է պատահել, որ շուտով ես էլ կարողանամ գալ Մոսկվա (նույնպես մի գործով), այն ժամանակ ես կանցնեմ ձեզ մոտ, իհարկե։