Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/199

Այս էջը հաստատված է

Ի՞նչ եք անում և ինչպե՞ս եք ապրում։ Որտե՞ղ եք մտադիր անցկացնել ամառը։ Ես, հավանաբար, կմնամ այստեղ կամ մոտակա ամառանոցում։

Հա, Անտենկա, ժողովածուի մասին, որ հրատարակում է Գորկին, խնդրում եմ առայժմ ոչ ոքի ոչ մի խոսք մի ասեք։ Որոշ նկատառումներից դրդված, ես չեմ ուզում, որ Մոսկվայում իմանան այդ մասին։ Ավելի մանրամասն կբացատրեմ, երբ տեսնըվենք։ Ուրեմն՝ ոչ մի ծպտուն։ Լա՞վ։

Բարևեցեք ձերոնց։ Առողջ ու հաջողակ լինեք։

Ձեր Վահան


113. ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
1915, 2 ապրիլի, Պետրոգրադ

Սիրելի Կարեն

Նամակդ ստացա և ուրախ եմ, որ դու անտարբեր չես դեպի այն, ինչ, ինչպես տեսնում ես, ինձ էլ է զբաղեցնում։ Ուրախ եմ և նրա համար, որ պատրաստ ես խոստումդ կատարելու և այդպիսով առիթ ես տալիս հուսալու, որ գործը կարող է գլուխ գալ: Իհարկե ամսագիրը կմնա մեր բաղձանքը, բայց դա չի նշանակում, որ եթե ամսագիր չի կարելի—պետք է ձեռներս ծալած նստենք։

Ժողովածուն գեթ մասամբ, գեթ ամենանվազ չափով կգոհացնե մեր պահանջը։ Համենայն դեպս դեպի մեծը ձգտելով, իհարկե, «չպիտի հրաժարվենք փոքրից։ Այդ դեպքում մենք կարող ենք դառնալ կրկին «Գարուն»-ին— եթե անհնար է գոնե փոքրիկ մի ամսագիր ունենալ, որ, ըստ իս, ավելի կենդանի բան կլիներ—եթե հաջողվեր, և ավելի մեծ նշանակություն կունենար։ Սակայն եթե այդ անհնար է, այն ժամանակ գոնե թող ժողովածու լինի — նույն «Գարուն»-ը, որը կարծեմ ավելի լավ կլիներ տարեգիր դարձնել (ежегодник) մի քանի բաժիններով, բայց այդ բոլորի մասին դեռ կխորհրդակցենք երկար ու մանրամասն։ Առ այժմ, ուրեմն, պետք է հոգալ նյութականի մասին — լրացնել, որպեսզի