Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/207

Այս էջը հաստատված է

119. Մ. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1915, 30 հունիսի

Ես ամենևին չէի ուզում Ձեզ վշտացնել, կամ չար լինել, Մարթա։ Կասկած հայտնելով Ձեր պարապմունքների արդյունքների մասին, բոլորովին չէի ուզում բացառել Ձեր բարի կամքը կամ ընդունակությունները։ Չափից ավելի նստակյացության դեպքում, իհարկե, կարելի է և գրքային ճանապարհով հաղթահարել հայոց լեզուն, բայց «ռուսական» (ռուսերեն խոսող) միջավայրում և «ի միջի այլոց» և առանց զորեղ ազդակների պարապելու դեպքում դա դժվար է։ Ես կասկած էի հայտնել առհասարակ, և ոչ թե հատկապես Ձեր նկատմամբ, որովհետև շատ գիտեմ այդպիսի, ոչնչով չվերջացող դիպվածային պարապմունքներ։ Շատ ուրախ կլինեմ Ձեր ամեն մի հաջողության համար և ամբողջ սրտով ցանկանում եմ այդ։ Իսկ նամակս ձեզ կարող էր չար թվալ, որովհետև իսկապես կարճ էր, ինչպես Ձեր նամակները և ինչպես դրանք՝ չէր տրամադրում «զեղումների»։ Ըստ երևույթին իմ տրամադրությունն այնպես էր, ինչպես լինում է Ձերը ինձ գրելիս։ Իմ առաջին նամակներից դուք լավ գիտեք, որ ես չէի հրաժարվում Ձեզ հետ բաց, մինչև վերջ անկեղծ և նույնիսկ սրտաբաց լինել։ Ճիշտ չէ՞։ Վերջին նամակում հարցնում էիք, թե ինչու եմ հետաքրքրվում, թե ում հետ եք պատրաստվում Պիտեր գալ։ Որովհետև չէի կարծում, թե մենակ կհամարձակվեք մեկնել, և հետաքրքրվում էի, այդ ո՞ւմ հետ եք պատրաստվում գալ (այսինքն ձերոնցից էլ ո՞վ կգա այստեղ)։ Ահա թե ինչու։ Իսկ ինչո՞ւ եք դուք դրա վրա ուշադրություն դարձրել։ Իմ այդ հարցի մեջ դուք որևէ առանձնահատուկ բա՞ն եք դիտել։ Հատկապես ի՞նչ։ Իսկ եթե ձեզ հարցնեմ ինչ «գյուղ» եք գնում և ում հետ, դա Ձեզ տարօրինակ չի՞ թվա։ Գուցե ա՞յս նամակն էլ Ձեզ չար է թվում։ Իսկապես, չարանալու պատճառ չունեմ ես։ Առողջ ու հաջողակ լինեք։

Ձեր Վահան

Թող Ձեզ չշփոթեցնի այս հսկայական թուղթը, հիմա ուրիշ թուղթ չճարվեց մոտս։