«լավից» մինչև «վատը»։ Բայց, թողնենք սա։ Գրողի ծո՛ցը նրանք։
Կարբարիչը խնդրեց գրել քեզ, որ Բոգարսուկովին նախօրոք գրես թոշակի մասին, որպեսզի երբ աշնանը գաս, փողը այստեղ լինի։ Ի դեպ նա ասում էր, որ Բոգարսուկովին քո մասին տեղեկություններ տաս, այսինքն ո՞ր սեմեստրում ես, ե՞րբ ես մտադիր ավարտել և այլն, և այլն։
Քննությունների մասին իմացա — կարելի է ցուցակագրվել հուլիսի վերջին։ Քննական գրքույկը ետ չեմ վերցրել Շապոշնիկովից — կվերցնեմ։ Բայց քո ինչի՞ն է պետք։ Դու խնգրում ես ուղարկել — մի՞թե դա քեզ պետք է։ Ասենք կարող եմ և ուղարկել։
Դե ահա։ Առայժմ, ամենայն բարիք,
բարև Վարյային։
Չմոռանաս ինչ որ խնդրել էի — «Բաքվի» №-ները, դա ինձ պետք է։ Հա, քո պրոտեժե Մազմանյանը (ասենք ոչ միայն նա) «Հորիզոն»֊ում ամեն կիրակի ծաղրանմանեցնում է (пародирует) իեձ։ Դա արդեն զզվելի՜ է։
Իսկ խմբագրությունը — բարեհաճորեն տրամադրում է այդ հիմարներին իր էջերը։ Չեմ հասկանում ի՜նչ գյադաներ են։ Հիմա չկարծես, թե վախենում եմ, որ հանկարծ «հացս չկտրեն», ոչ, բայց ախր դա ծաղր է։ Հասկանո՞ւմ ես, թե՞ ոչ։ Իսկապես որ ախր չի կարելի այդպես։ Այդ մասին գրում եմ, որովհետև հիմա առջևս է թերթը և ջղայնացնում է ինձ։ Իսկ քո գեղջուկ Մազմանյանից ոչինչ դուրս չի գա, եթե նույնիսկ նա շնորհալի է, եթե միայն նրան դաստիարակեն (նրանք)... որոնք նստած են «Հորիզոն»-ում և «խրախուսում» են բոլորին՝ ով ուզում է լինի։ Եվ ինձ, ի վերջո, «Մշակ»֊ի գրախոսությունն ավելի է դուրս գաքիս, քան «Հորիզոն»֊ինը, ասենք երկուսն էլ արժեն իրար, խոսք չկա։ Կարդացե՞լ ես Վարդգես Ահարոնյանի գրախոսությունը։ Հը, ի՞նչ է։ Իրավացի չե՞մ։ Դե լավ։ Հավանաբար այստեղից կմեկնենք հունիսի մեկին։