Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/213

Այս էջը հաստատված է

Դե, այս բոլորը դատարկ բան է։ Իսկ ըստ էության ի՞նչը դատարկ չէ։

Ախր ես որոշակի գրելու բան էլ չունեմ, այլ ուղղակի ուզում եմ հիշել ձեր մասին և շաղակրատել ինչի մասին որ պատահի։

Ահա այսպես նստում ու գրում ես, և թվում է, թե տեսնվեցիր մարդու հետ, ու թեև տխուր է, բայց լավ է։ Տխուր եմ, ճիշտ է, բայց հիմա լավն է իմ այդ տխրությունը... Մտածում եմ ձեր մասին, ինչպես իմ հարազատի մասին՝ լավ, բարի, սիրելի։ Եվ, աստված վկա, խիղճս չի տանջում, որ դա «դավաճանություն» է Սուսաննային։ Եվ նա էլ իմ ու ձեր հարաբերություններին նայում է շատ, շատ լավ... Եվ այնպես պարզ է հոգումս, և տխրությունս այնքա՜ն թեթև։

Ինձ համար միշտ հաճելի է եղել ձեր մեջ գնահատել շատ-շատ լավ բաներ, որի մասին չարժե գրել և, սիրելով ձեզ այդ լավի համար, միշտ մոռանում ես ձեր բնավորության որոշ «ձեռքբերովի» հատկությունների մասին, որոնք յուրացված են միջավայրից ու պայմաններից, բայց հատուկ չեն իր հիմքում պարզ, լավ, բարի, անկեղծ ձեր հոգուն։

Եվ հիմա ուզում եմ ձեզ ցանկալ այդ պարզությունը, «լուսավորությունն» ու «մեղմությունը», հիշողությունների այդ տրտում ուրախությունը, այդ գգվող բարությունն ու հոգու պարզությունը։

Եվ եթե մենք էլի հանդիպենք, թող այդ հանդիպումը լինի նույնքան սիրելի, հասարակ ու մտերմիկ-մաքուր... թող լինի մաքուր, ինչպես այս սիրելի հուշերը։

Առողջ եղեք, սիրելիս, և եթե ուզենաք, գրեցեք։

Համբուրում եմ ձեզ։

Ձեր Վահան

Հասցես՝ Պետրոդրադ, Պետր. կողմ, Վվեդենսկայա փ., տ. 17, բն. 5, Վ. Տ.:

Ի միջի այլոց, Չոպանյանի գրքույկը, որը ձեզ առաջարկում էի ինձ հետ թարգմանել ու տպել, արդեն թարգմանել է Մարիա Վեսելովսկայան և զետեղված է Մոսկվայում «Զվեզդա» գրահրատարակչության կողմից մոտ ամիս ու կես առաջ հրատարակված