Չենք հանդիպի մենք արդեն, Նվա՛րդ,
Թեև բացվում են նորից վարդեր։
Օ, եղիր խնդուն որպես թիթեռ,
Թող սիրտըդ այրե հուրը կախարդ,
Հիմա բացվում են այդտեղ վարդեր
Եվ դու վարդերում՝ բոցեղե՛ն վարդ...
|
|
Ահա՛, սիրելի Նվարդ, իմ տրիոլետներից երեքը։ Պետք է լինի յոթը, բայց մնացյալները դեռ շատ են անմշակ։ Գլուխս սաստիկ խառն է զանազան գործերով ու կողմնակի մտածումներով, ուստի «պոեզ»-ներով զբաղվելու ժամանակ չի լինում բոլորովին։ Այս ամառ ուզում էի նստել գրելու իմ ռոմանների «Տրիլոգիայի պրոլոգը», այսինքն երեք ծրագրածս վեպերի նախերգանքը, որ լինելու է մի առանձին վեպիկ և որ ծրագրել եմ շատ վաղուց, բայց չի լինում։ Այդպես, ահա, սա էլ իմ գրական գործերի մասին։ Հա՛, «Սալոմե»-ն ստացա («գրա՛ն մերսի՛») և աչքի անցրի ու ետ ղրկեցի, որ տպեն։ Ափսոս այդտեղ չէի՝ ես էլ Իվան Ֆադեյիչի հետ Վան կէրթայի։ Շատ հետաքրքրական է։ Հա՛, մի խնդիրք էլ։ «Վայրէջք»-ը խնդրեմ արտագրեք և հղեք ինձ—վասնզի «Նոր հոսանք» չկա այս... երկրում և եթե ուրիշ նոր բան կա, որ պատահմամբ ինձ անհայտ է մնացել, գրեցեք և, եթե հնարավոր է,
ղրկեցեք։ Եթե «Գիր»-ի մոտով անցնելու լինեք, պատվիրեցեք, որ ինձ
ուղարկեն Լեոյի «Հայ Հայրենիք»-ը վերադիր վճարով։ Տեսնո՞ւմ եք որքան հանձնարարություն եմ տալիս Ձեզ, բայց այս վերջինը
կարևոր չէ[1], ուրեմն մնում է Եվան Ֆադեյիչին վերաբերվողը, իսկ դա, համոզված եմ, որ Ձեզ համար ևս նույնքան սիրելի մի պոետ է, որքան և ինձ, ուստի այս դեպքում Դուք մասամբ և այդ սիրելի պոետի համար եք անում և ոչ միայն ինձ, այնպես չէ՞... Առայժմ վերջացնում եմ նամակս, որ ուղարկեմ, իսկ եթե հետաձգեմ նոր բաներ ավելացնելու կմնա և գուցե ետ մտածեմ՝ ուզենալով նորը գրել և այդպես ձգձգվի։
Ամենաջերմ համբույրներով
Ձեր Վանան
- ↑ Ես այս րոպեիս գրում եմ բացիկ ու ինքս պատվիրում, ուստի մի անհանգստանաք, լսո՞ւմ եք։