Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/224

Այս էջը հաստատված է

Էի մինչև անգամ հեռագրով պատասխանել։ Ենթադրելո՛վ, որ կարող ես ստացած չլինել, երկու խոսքով պարզեմ, թե բանն ի՞նչ էր։ Ուրեմն լո՛ւր և ծանի՜ր։

Մաքսիմ Գորկին խնդրել էր ինձ, որ կազմեմ մի ժողովածու նվիրված հայ գրականության, այսինքն հայ գեղարվեստական գրականությունից ընտրված նյութերից։ Որոշվեց, որ մի ժողովածուն քիչ կլինի և պետք է երկուսը — մեկը տաճկահայ, մյուսը ռուսահայ գրականությունից։ Առայժմ կազմվում է ռուսահայ ժողովածուն։ Այդ ժողովածուի համար ես պիտի ընտրեի նյութեր և գտնեի թարգմանիչներ (պոեզիան պիտի թարգմանեին ռուս պոետները Գորկու դիմումով) պրոզայի համար։ Բնականաբար ամենից առաջ ես մտաբերեցի քեզ և Պավղոսին։ Քեզ իսկույն գրեցի (սրանից մի ամիս առաջ), որ թարգմանես Մանվելյանի «ճակատագիր»-ը և առհասարակ գրես թե՝ արդյոք ուզո՞ւմ ես այդպիսի աշխատանք ստանձնել, որպեսզի ուրիշ նյութ էլ հանձնեմ: Պատասխան չստացա մինչև օրս — արդ նախ և առաջ գրիր ինձ, թև արդյոք համաձա՞յն ևս թարգմանելու «Ճակատագիր»-ը և կվերցնե՞ս մի երկու բան էլ Ահարոնյանից թարգմանելու (օրինակ, «Բաշոն» և մի բան «Ազատության ճանապարհին» գրքից)։ իհարկե աշխատանքդ կվարձատրվի, և եթե համաձայն ես, կարող եմ ավանս ուղարկել անմիջապես մի 50 ռ.։ Թարգմանության թերթին կվճարեն մոտավորապես 30 ռ. (ոչ պակաս), բայց տպագրական թերթը մեծ կլինի—դիրքը մեծ է գրքի։ Հավանական է, որ թերթին 35 ռ, վճարեն, նույնիսկ ավել — մինիմումը 30 է։ «ճակատագիր»-ը (որ ես չեմ կարդացել, բայց Պողոսի ասելով Միշո Մանվելյանի լավագույն գրվածն է) կարծեմ «Նոր հոսանք»-ի դիրքով մի 40 երես բան է—ուրեմն մոտ 2/2 թերթ—առնվազն երկու թերթ։ Դա թարգմանիր, իսկ եթե ժամանակ, տրամադրություն և ցանկություն ունենաս, իսկույն գրիր, որ Ահարոնյանի համար էլ քեզ աչքի առաջ ունենամ և գրեմ, թե ինչ ես թարգմանելու։ Առայժմ դեռ վերջնական որոշում չեմ կայացրել (միայն մի բան—«Ազատության ոգին» Պավղոսը թարգմանել է, և որոշել եմ մտցնել ժողովածուի մեջ) և ուրախությամբ կլսեմ քո կարծիքը, թե ի՞նչ նյութ (Ահարոնյանից) ավելի հարմար ես համարում մի այսպիսի ժողովածուի համար, աչքի առաջ ունենալով։