Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/235

Այս էջը հաստատված է

ծրագրներից ամենից շատ համակիր եմ եղել ս-դ-ի ծրագրներին, բայց մարքսիստ չեմ բնավ աշխարհայացքի մտքով, և դա շատ լավ գիտեցել է Գորկին, երբ ինձ հրավիրել է, նա ճանաչել է ինձ իբր պոետի [«միստիկայի և սիմվոլիզմի թեքումով» (սա այն մարդու խոսքերն են, որը Գորկու անունից ինձ հրավիրել է նրա մոտ)]։ Իսկ Գորկին ասաց, որ նա երբեք չի էլ որոնել մարքսիստ, այլ որոշ գրական ցենզ ունեցող մարդ և իմ ցենզը նա միանգամայն բավարար է համարում... Իհարկե չեմ կասկածում, որ դու երբեք չես հավատա այդպիսի կեղտոտ ինսինուացիաների և իմ անունը կպաշտպանես, բայց դրում եմ այս բոլորը «ի գիտություն» և սիրտըս թեթևացնելու համար... [Դե թողնենք այս] — էս փլավը շատ ջուր կվերցնե, և ես տարվելով մոռացա, որ գնալու եմ։

Վերջացնեմ նամակս։

Գորկին ուզում է մի ժողովածու էլ նվիրել տաճկահայ գրականության, որի մեջ պիտի լինի նաև երկու հոդված—մեկը «Հայոց հարցի մասին» (տաճկահայ խնդրի մասին), մյուսը պատմագրական տեսություն (տաճկահայ գրականության)։ Կուզեի, որ գոնե այն ժողովածուի մեջ դու եռանդուն մասնակցություն ցույց տայիր։ Եթե հոդված գրելուց վախենում ես և ուզում ես առայժմ ձեռնպահ մնալ (թեև իզուր, որովհետև ժամանակ շատ կլինի և կկարողանաս պարապել ու գրել), գոնե թարգմանիր։ Ես ուզում եմ, որ դու հեռու չմնաս այս գործից։ Գրի՛ր այդ մասին։

Հա՛, Ցել, Ահարոնյանից մի բան, լավ բան, ցույց տուր թարգմանենք, կամ ինքդ թարգմանիր անմիջապես ու ղրկիր— դու չավ դիտես նրա գրվածները։ Այնպիսի բան լինի, որ ռուս ընթերցողի համար հետաքրքիր լինի — ցանկալի է կենցաղագրական, հայկական կյանքից, կամ բնորոշ և ոչ շախսե-վախսեական՝ տաճկահայ կյանքից։ Այդպիսի բան «ռեկոմանդե» անելու դեպքում գնա գրախանութ և պատվիրիր, որ իսկույն ղրկեն ինձ վերադիր վճարով Ահարոնյանի այն հատորը, ուր զետեղված է այդ գրվածքը։

«Պաժալստա», Ցել։

Գրիր ինձ քո անձնական գործերի մասին, շատ հետաքրքիր եմ իմանալու։

Պավղոսը պիտի գա Պետրեպոլ, իսկ հետո կչվե դեպի էջմիածին՝ կտեսնի քեզ և կպատմե։