Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/24

Այս էջը հաստատված է

այլոց Սալտիկով-Շչեդրինի, որ շատ հարմար նյութ է այստեղ կարդալու — իհարկե Ստավրոպոլն էլ է նա աչքի առաջ ունեցել երբ գրել է իր «Губернские очерки»- ն)։ Մի խոսքով։ Մի 15 օրից կճանապարհվենք դեպի Մոսկվա, թեև մեզ չեն ուզում թողնել պահանջում են, որ մնանք, հուլիս ամիսն էլ այստեղ անցկացնենք, բայց մենք հաստատ որոշել ենք հուլիսի սկզբին չվել դեպի Մոսկվա։ «Աշխարհից» կտրված ինչ եք անում դուք այդտեղ երանելիքդ Նինա Մոիսեևնա և Կարբարիչ։ Ես էլ այս անգամ աշխարհից կտրված եմ — ոչ ոքից ոչ մի լուր չունեմ։ Ի միջի այլոց մինչև օրս «Հորիզոն»-ում մեր պատասխանը չկա։ Ինչ կնշանակե այս, չգիտեմ։ Մակինցյանը երևի պատմեց Ձեզ (իմ հանձնարարությամբ) իմ խայտառակության մասին։ Բայց ես ավելի էի սպասում։ Երևակայեցեք, տիկին Քանանյանը շատ քաղաքավարի էր և սիրալիր, ես վախենում էի, որ կոպիտ կերպով կմերժի, և ես գետինը կմտնեմ։ Բայց այնուամենայնիվ այդ մասին խնդրեմ մարդու մի ասեք, թեև ամոթալի մի բան չեմ արել, բայց ամաչում եմ: Այժմ շատ հաճախ է այցելում բուռն ցանկություն աշխատելու և անկախ լինելու, սեփական աշխատանքով մի կտոր հաց ունենալու, թեև գիտեմ, որ այդ սեփական աշխատանքը նահատակություն պիտի լինի ինձ համար, բայց լավ է արորի մաճը վերցնել և արյուն քրտինքով մի կտոր չոր հաց ունենալ, քան որևէ մեկից ստանալ ամեն ինչ։ Ինչևիցե։

Շնորհակալություն, Նինա Մոիսեևնա, ձեր նամակի համար։ Բարևս հայտնեք օրիորդ Գոհարիկին, ևս Ջուզեպպեին՝ եթե գրելու լինեք նրան։

Ողջ լերուք։

Ձեր Վահան


16. Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ

1911, 9 հուլիսի, Ստավրոպոլ

Հարգելի ընկեր Արմենուհի

Ինձ համար անսպասելի էր Ձեր նամակը։ Վաղուց էր՝ ինձ մոռացած, չէիք գրում, շնորհակալություն, որ վերջապես մտաբերել