—իսկի ժամանակ չկա, թեև շատ հարմար մոմենտ է, և սիրտս ուզում է գրել այդ վաղուց (հոդվածները ռուսների համար պիտի լինեն, իհարկե)։
Իվան Ֆադեյիչի վերջին «Հատված»-ր (պոեմից) կարդացիր Ամբողջն անմշակ է (ինչպես և նախազգուշացրել է հեղինակը), մի քանի կտորներ ազդու են և լավ։ Այս մասին շատ երկար պետք է խոսել — նամակով գրելու բան չէ, համենայն դեպս Թումանյանի գրած ամեն մի տողը ինձ համար հետաքրքրող է և նշանակալից, թեև իբրև պոետ ես ինձ միանգամայն օտար եմ զգում նրան, այսինքն նրա պաֆոսը իմ պաֆոսը չէ՝ ես նրան երկրպագուն եմ և սիրում եմ, բայց նրա աշխարհն իմ աշխարհը չէ (հուսով եմ, սխալ չեք ըմբռնի ինձ—սրանով ես չեմ ուզում ժխտել նրա մեծությունն ու նշանակությունը, հասկանում եք ինձ, նույնը կարող էի ասել, օրինակ, մի Շեքսպիրի մասին)։ Ինչևէ, սա երկար բան է...
Մի ուրիշ ժողովածու էլ է հրատարակվում—խմբադրությամբ պրոֆեսոր Բոդուեն-դը-Կուրտենեի նվիրված Ռուսիայի զանազան ազգերի գրականություններին։ Ինձնից խնդրել էին նյութ...
... Մտադիր ենք «Գարուն»—ը լույս ընծայել։ Բայց այժմ դա «Պանթեոն»-ի հրատարակությունը կլինի (Պանթեոնիր կազմը Ձեզ հայտնի՞ է—ես և Պաոլոն, և Ցոլակը, և Կարեն Միքայելյանը. հիմնականը ես, Պաոլոն և Ցոլակն էինք, կամ, ավելի ճիշտ, ես ու Պաոլոն և «Գարուն»-ը մեզ անցավ (перешел): Ուզում ենք միայն ջահելների ուժերով հրատարակել, տեսնենք ի՞նչ դուրս կգա:
Նամակս շատ խառն ու շփոթ դուրս եկավ և բազմագույն, սիրելի Նվարդ, բայց կուղարկեմ, որովհետև եթե չուղարկեմ, նորը չի գրվի և էլի ուշ պատասխան կստանաք։ Շնորհակալություն «Кавказ» համար։ Շատ բարև կանեք Իվան Ֆադեյիչին, ձերոնց բոլորին և մեր «բարի ծանոթներին»։
Դուք ինձ մի նայեք, գրեցեք—հավատացած, որ Ձեր նամակները ուրախություն են ինձ համար և իմ չգրելը թող Ձեզ երբեք չնեղացնե—եթե չեմ գրում, միայն հնար չլինելու համար չեմ գրում...