Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/25

Այս էջը հաստատված է

եք և ինձ։ Վերջերս շատ քիչ եմ գրում նամակներ, և ինձ էլ բնականաբար քիչ են գրում։ Ուստի առավել ևս մեծ էր իմ ուրախությունը, երբ քիչ առաջ արթնացրին քնից և տվին Ձեր նամակի ծանոթ ծրարը: Այս րոպեիս ես գտնվում եմ Ստավրոպոլում, ուր եկել եմ մի ամսով հանգստանալու։ Սակայն արդեն անսահման ձանձրացել եմ և շուտով կչվեմ դեպի Մոսկվա, ուր հոգեկան մենակությունը ավելի տանելի է կարծես։ Այստեղ ամեն կերպ հյուրասիրված եմ և շրջապատված ամեն տեսակ կոմֆորտով, ուշադրությամբ, սակայն այն մարդիկ, որ շրջապատում են ինձ, այնքա՜ն օտար են, այնքա՜ն հեռու։ Ահա այդ է ցավը։ Եվ դրա համար ավելի ևս սիրելի էր ինձ Ձեր նամակը։ Բացի այդ, չգիտեմ ինչու, ես միշտ քաղցր հուզումով եմ հիշում Ձեր տանը անցկացրած այն երեկոն, երբ, հիշո՞ւմ եք, կարդացինք Ավոյի պոեմը և նստած թեյ էինք խմում։ Հիշո՞ւմ եք... Թե միայն ինձ թվաց այդ ամենը, որ չեմ կարող ասել, բայց որ մի տեսակ անասելի մաքուր և գեղեցիկ հիշողություն է թողել իմ մեջ։ Գրեցեք։

Դուք գրում եք. «Մեզ նման մարդիկ պետք է որ միշտ մոտ լինեն գոնե տարածության հարցում, որ հնարավորություն լինի երբեմն ցավից-դարդից պատմելու» ։ Ես միայն կավելացնեմ սրան, որ ոչ միայն տարածության հարցում, այլև ամեն կերպ պետք է մոտ լինին, որովհետև երբեմն այնքան ծանր է լինում կյանքը, որ չգիտես ինչ անես և այդ րոպեներին միայն «մեզ նման մարդիկ կարող են մխիթարել մեզ։ Մինչդեռ մենք հեռու ենք ամեն կերպ, մանավանդ տարածությունով և դա ավելի զգալի է ինձ համար, քան Ձեզ, որովհետև Դուք էլի ունեք գոնե 5 հոգուց բաղկացած մի խմբակ, իսկ ես մանավանդ այժմ մենակ եմ, մեն-մենակ։ Սակայն չնայած այդ մենակության, ես գրեթե ոչինչ չեմ անում այստեղ։ Պատրաստում եմ տպագրության համար բանաստեղծություններս, որ կազմելու են մի ստվար հատոր։ Գիրքս տպագրության կհանձնեմ ամսի 20-ին, ոչ ուշ։ Եվ մասամբ դրա համար եմ շտապում Մոսկվա։ Թեև որոշել եմ տպագրել գիրքս։ որ մոտ 500 ռուբլի կնստի (և այն՝ պարտքով), սակայն երբեմն տարակուսում եմ, որ անհաջող լինի և պարտքի տակ մնամ։ Դա շատ ողբալի կլինի։ Ուզում էի գրել Թումանյանին կամ ծանոթ գրագետներից մեկին, որ առաջարկեն գրքիս հրատարակությունը Հրատարակչական ընկերության, բայց չվստահացա։ Եթե կարող եք,