Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/270

Այս էջը հաստատված է

II. Ահարոնյանը սխալվում է։ Մենք հայ հեղինակներին (և նույն թվում իրան) դիմել ենք։ Ոմանք պատասխանել են (օրինակ Շիրվանը և այլք), ոմանք էլ պատիվ չեն արել։ Չպատասխանելը մենք արգելքի նշան չենք համարել, վասնզի օրենքը թույլատրում է թարգմանել և հրատարակել (այդպես ասին ինձ հրատարակիչները—ես չգիտեմ, դու երևի ավելի տեղյակ կլինես, սակայն, իհարկե, մեր հրատարակիչները գիտեն, որ ասում և անում են): Մեր դիմումին մենք զուտ բարոյական նշանակություն ենք տվել— այսպես ասած տեղեկատու, ուրիշ ոչինչ և դրա համար ոմանց չպատասխանելը մենք ընդունել իբր արգելք (նրանք չեն էլ կարող արգելել օրենքով), իսկ եթե գրեին, որ արգելում են—իհարկե դա աչքի առաջ կունենայինք, և ես առաջինը թույլ չէի տա, որ տպեն։ Այդպիսի բան տեղի չի ունեցել։ Ահարոնյանին մասնավորապես գրել ենք իր որդու հասցեով (նա ինքն արտասահման էր), համոզված, որ նա կտեղեկացնե կամ կպատասխանե (արգելքի դեպքում) հոր տեղ։

Թյուրիմացությունն այն է, որ նա, ըստ երևույթին, չի ստացել (ինչպես, չգիտեմ, և ցավում եմ, որ այդպես է պատահել և այն Ահարոնյանի նկատմամբ)։ Այժմ գուցե լսելով, որ մյուսները ստացել են նամակ, նա ենթադրե, թե մենք իրան հատկապես չենք ուզեցել դիմել։ Ես անհարմար եմ համարում քո նամակի հիման վրա իրան գրել և պարզել էությունը—եթե դու բարի լինես անելու այդ, շատ պարտավորեցրած կլինես։ Դիմումների մեջ մենք հիշել ենք, թե ինչ գրվածք ենք ենթադրում թարգմանել։ Շատ ցավալի կլինի, եթե նա կարծե, թե իրան հատուկ չենք դիմել և դրա մեջ այլ բան ենթադրե, քան այն, ինչ կա, ուստի կրկին խնդրում եմ բարի եղիր պարզից մի կարճ նամակով) հենվելով իմ այս բացատրության վրա, քանի որ մասնավոր խոսակցությունից ես օգտվել չեմ կարող և գրել նրան, իսկ զրույցը քեզ հետ է եղել։

Ընտրությունն էլ ես չեմ արել, այլ իրանք՝ հրատարակիչները, որոնց տվել եմ ֆրանսերեն և ռուսերեն եղած թարգմանությունները։ Ես ավելի քան նրբանկատ եմ եղել նրա նկատմամբ, աչքի առաջ ունենալով իմ խիստ քննադատական, եթե չասեմ բացասական, վերաբերմունքը դեպի նրա գեղարվեստական արժեքը, ոճը և այլն։ Դու ինձ, իհարկե, հասկանում ես։

III. Պողոսի հոդվածը թերություններ ունի և դա ինքն էլ գիտե՝