Պողոսը, ես նույնպես։ Սխալներ կարող են լինել—մեր բոլոր գրականության տեսություն գրելը հեշտ բան չէ, մանավանդ, եթե աչքի առաջ ունենաս, որ բացի Լեոյից ու Փափազյանից (որոնց արժեքը դու լավ դիտես) գրեթե բան չկա։ Բացի այդ, աչքի առաջ պետք է ունենալ գործի շտապությունը (դա Դավիթն էլ գիտե)։ Եվ որ ամենից գլխավորն է՝ ո՞վ, ասա, ո՞վ ավելի լավ կգրեր։ Քննադատը ամենից առաջ պիտի իրականության սահմաններն աչքի առաջ ունենա, և ավելի քան սոցիոլոգը, և ելակետ պիտի ունենա եղածը։ Բացի Պոլից, ես աչքի առաջ ունեի այդ հոդվածի համար և քեզ (և կարծեմ ուրիշ ոչ ոքի—ի՞նչ արած, այդ է իմ ըմբռնումը), իսկ դու, գիտեի, որ չես գրի, ինչպես և եղավ, երբ ավելի հեշտ աշխատանքի համար դիմեցի քեզ, այնպես չէ՞։ «Սուբյեկտիվ» քննադատությունը ունի խոշոր պակասություններ և վտանգավոր է, բայց ունի և առավելություններ։ Սակայն չպետք է մոռանալ, որ սուբյեկտիվն ու օբյեկտիվը պայմանական են և եթե խիստ լինես, կդժվարանաս (եթե չասեմ չես կարողանա ) նրանց բաժանել, մանավանդ երբ հարցը վերաբերվում է ժամանակակից գրականության (իսկ մեր գրականությունը հո գրեթե պատմություն չունի—նորի մասին եմ ասում)։ Միթե՞ Լեոն, Փափազյանը և այլք օբյեկտիվ են (բաբան բաշի իշուն! ինչպես չէ!), իսկ ո՞վ է օբյեկտիվ — ես չգիտեմ։
IV. «Պեպո»-ի մասին գրածդ հայի կարծիք է։ Եթե «Պեպո»-ն ռուսացնես, նա հետաքրքրական չէ ռուսին՝ այդպես է ասում ամենից առաջ Գորկին, որ կարծեմ ռուս է: Նա շատ ավելի բաներ էր պանպանել, բայց ես շտկել տվի, որովհետև գիտեի, որ իմ հայրենակիցներից շատերը իմ ռուսերեն չիմանալուս անգամ կարող են վերագրել դա (քեզ չեմ ասում սա, բայց հավատա, որ կլինեն այդպիսիք, գուցե լույս ընծայեն իրանց այդ կարծիքը):
Քո առաջարկած մեթոդով «Պեպո»-ն թարգմանել է Վեսելովսկին, և Գորկին ասաց, որ իմ թարգմանությունը անհամեմատ ավելի լավ է և որ Վեսելովսկունը վատ է։ Ուրիշ ռուսների կարծիքներ չեմ հարցրել, բայց աչքի առաջ ունեցիր, որ Գորկին էլ ռուս է։
Իհարկե եթե թարգմանածս լիներ Մետերլինգը, ես այդ «վայ» ու «վուշը» չէի պահպանի գուցե, բայց երբ մանրամասն նկարագրում ես դործող անձանց հագուստը, երբ գրվածքը նույնիսկ