Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/272

Այս էջը հաստատված է

ընդհանուր հայ կյանքի պատկեր չէ, այլ Թիֆլիսի հայերի, երբ այդ հանգամանքը իշխող դեր է կատարում գրվածքում—սխալ կլիներ չշեշտել դա և թարգմանության մեջ։ Ահա Պողոսը թարգմանել է «Գիքոր»-ը քո ասած մեթոդով, այսինքն ռուս դարձվածներով է փոխարինել հայկականը, և Գորկին ասաց, որ չարժե դա տպել, որովհետև դա ռուս պատմված է և ոչ հայ։ Եվ սխալ է, իհարկե, երբ Պավղը ասում է «он»-ի տեղ «ен» կամ մի այլ այդպիսի բան, դա սխալ է, մանավանդ երբ չափից դուրս շատ է լինում դա։ Եվ «Գիքորը» ես եմ պնդել, որ մտցնեն, որպեսզի Թումանյանը ներկայացված լինի եթե ոչ պոեզիայով, գոնե արձակով էլ մի քիչ, այնինչ խմբագիրը չէր ուզում։ Իհարկե ես հավակնել չեմ կարող կարծելու, որ «Պեպո»-ն արտահայտել եմ ռուսերեն, դա հիմարություն կլիներ իմ կողմից—«Պեպո»-ն անթարգմանելի է, ինչպես անթարգմանելի են այդօրինակ գրվածները առհասարակ։ Կուզեի ես կարդալ Чехов-ի որոշ գրվածների անգլերեն, մանավանդ ճապոներեն թարգմանությունները, մինչև անգամ ֆրանսերենը ես կամեցել եմ միայն գաղափար տալ «Պեպո»-ի մասին և ավելի մոտ ու լավ գաղափար, քան Վեսելովսկին—ուրիշ ոչինչ:

V. Ժողովածուն նպատակ չունի ներկայացնել մեր գրականությունը իր ամբողջությամբ, նույնիսկ իր լավագույն էջերովդ այլ միայն ընդհանուր գաղափար տալ մեր գրականության достижения-ների նկատմամբ։ Նար-Դոս, Մուրացան, Փափազյան, գուցե և այլք ինձ ևս հայտնի են — առաջինից և վերջինից ես հարմար (չափով և որակով) չգտա, ասենք նույնը կարելի է ասել և Մուրացանի մասին։ Օրինակ, Րաֆֆուց ես ավելի շուտ «Կայծեր»-ը կամ «Խենթը» կդնի, բայց մեր ժողովածուն, դժբախտաբար, պիտի կազմեր ոչ ավել, քան 20 թերթ և առանց այդ էլ դուրս եկավ 25 թե 26 թերթ։ Եվ մի ուրիշ պայման էլ կար՝ հատվածներ չդնել, այլ ամբողջական գրվածներ։ Խնդրեմ կազմիր մի ծրագիր այդպիսի ժողովածուի և ուղարկիր, և ականջիդ էլ շշնջում եմ, չմոռանաս մանավանդ Փափազյանի և Նար-Դոսի գրվածներից հիշել այն սքանչելիքը, որ ես մոռացել եմ. ավելացրու դրան և Մոււրացանի սքանչելի գրվածները (որոնք քիչ թե շատ ընթեռնելի պիտի լինեն ռուս ընթերցողի համար, իհարկե)... մեր ժողովածուն լոկ տեղեկատու նշանակություն ունի [բացի մեզնից ոչ ոքի պետք չեն այդ օյինները, որովհետև մենք ուզում ենք, որ մեզ մոտ աճի իսկական