կերպով վիրավորվեն և դատապարտվենվ հարյուրավոր վետերաններ, միայն թե չկործանենք թեկուզ մի ծիլ, որը զարդարելու է գալիքի այգին»)։ Բայց ես տարվեցի և շատ շատախոսեցի։ Վերջակետ եմ դնում։
Ձեր ամսագրի համար Բոդլերը պատրաստում եմ, բայց բանն այն է, որ ես նրա այդ պոեզները բոլորը չեմ թարգմանել, այլ միայն կեսը։ Գուցե բոլո՞րը թարգմանեմ—թե՞ այսքանը (մոտ 30 հատ) բավ կլինի։ Արտագրում եմ և տեսնում, որ շատ ուղղումների կարիք է լինում—բնական է, 10 տարի առաջ եմ սկսել թարգմանությունը։
Հա՛, շատ կարևոր մի հարց—ձեր ամսագիրը (եթե դիմելու լինեք ինձ) ինչպե՞ս է նայում ավանս տալու խնդրին։ Այդ բանը ամենուրեք ընդունված է, նույնիսկ «Մշակ»-ն ինձ միշտ տալիս է ավանս։ Մասնավոր կերպով տեղեկացիր և գրիր ինձ այս մասին—դա ինձ համար կարևոր է։ Ես կուզեի աշխատակցելու դեպքում ավանս ստանալ (օրինակ, 200 ռուբլի)։
Այս ասում եմ՝ հիմնվելով քո պնդումի վրա, որ ձեր ամսագիրը ապահով ու հաստատ բան է, թե չէ, իհարկե, ծիծաղելի կլինի իմ այս հարցը։ Դա շատ կարևոր է նրա համար, որ եթե ստանամ այդ ավանսը, կարիք չեմ ունենա պաշտոն որոնելու, իսկ եթե ոչ, պիտի գտնեմ (կարելի է գտնել, բայց ես չէի կամենա ժամանակս դրա վրա վատնել, այլ կուզեի այս երկու ամիսը քիչ հանգիստ լինել և գրական գործով զբաղվել, թե չէ պոեզներով զբաղվելու իսկի Ժամանակ չի լինում)։ 200 ռուբլի շատ չէ, եթե անգամ ձեր բոլոր մշտական աշխատակիցներին տալու լինեք այդպիսի ավանս, դա մեծ գումար չի կազմի։ Ռուս ամսագրներն ու թերթերը, ինչպես ասել են ինձ միանգամայն տեղյակ մարդիկ, ավանսները իրանց ծախսերի գլխավոր статья-են համարում։ Դասախոսության մասին գրածդ շատ սիրալիր է և սրտաշարժ ինձ համարի: Ուրախությամբ, իհարկե, կանեմ, թե որ հնար լինի (այսինքն ժամանակ, որ կախված է, ինչպես ասի, նյութական խնդրից): Սա սկզբունքով սիրով ընդունում եմ և շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, իմ կողմից, իհարկե, կաշխատեմ անել ինչ հնար է։