(չէ՞ որ Ահարոնյան-որդին համաձայնում է, որ Քալանթարին թարգմանելու իրավունք է տվել), նպատակ դնելով փչացնել նրա երկը։ Միայն խաչագողը կարող էր այդպիսի նողկալի մտքի հանգել, իսկ նրան հավատալ կարող են միայն հիմարները կամ նրանք, ովքեր ծուլանում են մտածել, նախքան այդ հիմար նողկալիության հավատալը։ Այսպես ուրեմն, փաստաթղթերով կարելի է ապացուցել, որ թարգմանությունների մեջ նման կրճատում (մենք 950 տողից կրճատել ենք ընդամենը մոտ 100 տող, ըստ որում, ինչպես ասված է, ըստ մեծի մասի 1—2—3 տող և միայն երեք տեղում Քալանթարը թույլ է տվել ավելի նշանակալի բացթողումներ, այն էլ երկու անգամ 10 տողի և մեկ անգամ 20 տողի չափով) թույլատրելի է։ Ես միայն հին գրողների թարգմանությունները չեմ վերցնում։ Բայց մտածի՜ր, Չեխովի և Գորկու երկերը թարգմանված են ճապոներեն ու չինարեն (Չեխով, «Լիակատար ժողովածու»)։ Հիմա մտածիր՝ արդյոք կարելի՞ է Չեխովին լիակատար թարգմանել չինարեն, արաբերեն, ճապոներեն։ Կարելի՞ է «Հատակում»-ը թարգմանել ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն լեզուներով, առանց այդ սովորական կրճատումների։ Իհարկե ոչ։ Բայց հարցը մի քիչ այլ կերպ է գրվում։ Դու, որպես փաստաբան, պետք է որ դրա վրա ուշադրություն դարձնեիր, եթե Մարսից իջած բարոյախոս չլինեիր։ Չէ՞ որ Ահարոնյանը գլխավորապես պնդում է այն, որ այդ «կրճատումներն» ու «փոփոխությունները» նրա երկը դարձրել են ապոկրիֆ և «կեղծված»: Ես կտրականապես հերքում եմ դա և հայտարարում, որ նրա քոսոտ երկը ռուսերեն նույնն է — նա պահպանել է իր ողջ էությունը՝ նա նույնքան անհեթեթ է, հիմար և գռեհիկ, որքան և հայերեն։ Ավելի պարզ ասած ես գտնում եմ, որ Ահարոնյանն իրավունք չունի հրաժարվելու իր հիմար զավակից—դա նրանն է, թեպետև նրա զգեստի մեջ կան և որոշ փոփոխություններ։ Ախր ես բնավ չեմ բացասում դա, այլ միայն պնդում եմ, որ այդ փոփոխություններն ու ուղղումները չեն գերազանցում սովորական խմբագրական ուղղումները և նրա երկը չեն դարձնում պարականոն, ինչպես պնդում է նա և ընդսմին արված են մասամբ թարգմանչի, իսկ մասամբ (կիսով չափ) Գորկու ձեռքով, որին այնքան սիրալիր ու քնքույշ (այնուամենայնիվ ստորաբար ու նենգորեն) առանձնացնում է քո Ահարոնյանը։
Ես գտնում եմ, որ նրա մեղադրանքի մնացած բոլոր կետերը