ինձ համար վրդովեցուցիչ և վիրավորական է։ Որովհետև ախր մետաֆիզիկական-սխոլաստիկական յոթերորդ երկնքից երբևէ պիտի իջնես գետին և մարդկային աչքերով տեսնես ռեալ աշխարհը, ախր պետք է երբևէ հասկանաս, որ Արասխանյանը, որը իր ժամացույցը և մյուս իրերը հափշտակող ավազակին ասում է, թե նա անարդարացի է վարվում—հիմար և ծիծաղելի է, իսկ եթե նա ի լրումն դեռ սկսի դատողություն անել, թե իբր կարող է պատահել ինքը անիրավացի է ավազակի հանդեպ—նաև կեղծ բարեպաշտ է։ Այդ ամենը լավ է պոեզիայի մեջ (եթե լավ պոեզիա է), լուրջ փիլիսոփայության մեջ (եթե նա իրոք կենդանի փիլիսոփայություն է և ոչ թե մետաֆիզիկական-սխոլաստիկական փորփրում)։ Բայց սովորական կենսական պայմաններում դա և՛ հիմար, և՛ զզվելի բան է։ Ես չեմ սիրում, երբ մարդիկ արտաքնոց գնալով և այնտեղ նստելով մտածում են Աստծո մասին։ Դա անվայելուչ է, դա տհաճ է։ Թերևս ես խիստ օրինակներ եմ վերցնում, բայց դա անում եմ ոչ նրա համար, որ քեզ վիրավորեմ, այլ նրա համար, որ ինձ հասկանաս։ Ինձ չափազանց վշտացրեց քո հարցը, և չէի կարող քեզ մի քիչ չնախատել — մի բարկանա դրա համար և սխալ մի հասկացիր ինձ։ Չեմ սիրում չափազանց բարի մարդկանց— նրանք հիմար են, պետք է «չար լինել», մի տեղ ասում է Գորկին, և ես համաձայն եմ։ Չափից ավելի բարի ու դյուրահավատ մի եղիր—ախր քանի՜ անգամ են քեզ հիմարացրել։ Հիշիր թեկուզ ազնվածին Հակոբյանի պատմությունը և այն, թե ինչպես սույն ասպետը քեզ դուրս նետեց խմբագրությունից։ Դաշնակների մաներան է — քնքշորեն մոտենալ, բթացնել քո զգոնությունը (Օնիկ, ականջդ կանչե) [1] և կողդ դաշույն խրել։ Այդ ես շատ լավ գիտեմ։ Ավելի ստոր ցեղ չկա։ Չկարծես թե սա Ահարոնյանի կապակցությամբ է—սա ինձ մոտ վաղուցվա, փորձի հիման վրա կազմված համոզմունք է։ Մի՛ ենթարկվիր նրանց շողոքորթությանն ու ժպիտներին։ Ո՞վ կա ավելի ժպտերես, քան հարգարժան Ահարոնյան-որդին, բայց ախր չհամբերեց, օձություն արեց Պավլի քո մասին ասված անմեղ ու արդարացի նախադասության առթիվ։ Երևի նա քեզ չի էլ թվում թշնամի—բայց ահա չամաչեց դա նշել, խոցել — իսկ ինչո՞ւ։ Ի՞նչ մի առանձին բան կա այդ նախադասության մեջ։ Երևի նա իրան համարում է հայտնի քննադատ, այդ բթամիտն
- ↑ Փակագծերի մեջ գրված է հայերեն։