Նամակս երեկոյան գրեցի և սաստիկ զայրացած ու վրդովված էի։ Գուցե թույլ եմ տվել ինձ խիստ բառեր ու դարձվածներ— դրանից մի նեղանա։ Բայց, ըստ էության, ասածներս պնդում եմ և այժմ, երբ վրդովմունքս քիչ իջել է և զայրույթս թուլացել։
Դառնալով ձեր ամսագրին, պիտի ասեմ ցավոք սրտի, որ նախազգում եմ, որ նա ևս վերջը պիտի դաշնակների ձեռքն անցնի, и мы останемся в дураках, դուրս կգա, որ աշխատել ու հող եք պատրաստել նրանց համար... Ինչպես «Արև»-ում։ Գրեթե հավատացած եմ դրանում։ Ի սեր Աստծո, խախտիր իմ կասկածը, որովհետև եթե որևէ հիմք կա իմ այդ կասկածին, ես նախօրոք պիտի հրաժարվեմ այդ ամսագրին աշխատակցելուց։ Իմ կասկածը կարծես հիմնավորվում է նրանով, որ, ինչպես գրում ես, հրավիրելու եք Աղբալյանին, որին ես, ըստ տպավորության, միշտ համակրել եմ, բայց իմանալով, որ երբ հարցը իրանց «կուսակցության» շահերին է վերաբերվում, նրանցից ամենալավն իսկ կորցնում է մարդկային կերպարանքը, ես վախենում եմ։ Timeo Danaos... Արդյոք այս անգամ էլ չպիտի՞ հիմարացնեն ձեզ և գործիք դարձնեն իրանց համար։ Ես կուզեի, որ ոչ միայն ես, այլ դուք էլ այս գործի մասին հաստատ հավաստիացում ունենայիք նախքան գործ սկսելը։ Աչքի առաջ ունեցիր, որ հայ լիբերալը «ազգասիրաբար» միշտ ավելի հեշտ կհակվի դաշնակի կողմը, քան ս.-դ-եի։ Եվ արդյոք ձեր լիբերալները ծպտյալ կիսադաշնակներ չեն կամ ֆլյուգերներ, որոնց դաշնակները կարող են իրանց կողմը քաշել և թերթդ իրանց ձեռքն առնել։ Այս հարցն ինձ ամենից շատ է զբաղեցնում, անգամ հոնորարից, որ до зарезу հարկավոր է։ Ի դեպ, գրելիս հայտնիր ինձ (երևի որոշած կլինեք) կոնֆիդենցիալ կերպով հոնորարների չափը, որովհետև դա ևս կարևոր հարց է ինձ համար։ Ինձ թվում է քո ռոճիկը բավարար է, եթե մի քիչ էլ պրակտիկա ունենաս բանդ կդրստվի քիչ-քիչ—Տերը քեզ օգնական!
Էլ ի՞նչ գրեմ, սիրելի Ցել։ Մենք ապրում ենք առաջվա պես։ Եկամուտներս այժմ քիչ ավելի են, Շուշանիկի ռոճիկն էլ դարձրել են 85 ռուբլի, ես էլ ունենում եմ զանազան получка-ներ (գլխավորապես դրական), բայց շնորհիվ թանկության դրությունը նույնն է մնում և ապրուստներս նույնը։ Մենք ողջ ենք։ Պավղոսից ես էլ ստացել եմ մի նամակ Վանից—և դա է որ կա, էլ չեմ ստացել։