Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/284

Այս էջը հաստատված է

Դա էլ ավելի լիրիկ նամակ է, քան էպիկ, և նրա գործերի ու դրության մասին տեղյակ չեմ։ Լավ ես անում, որ Վարինկային ուղարկում ես բալիկիդ հետ Ղարաքլիս։ Եթե դեռ չեն գնացել, մեր կողմանե նրանց սրտանց բարև կանես. թե՛ իմ, թե՛ Շուշանիկի, որը քեզ ևս ողջունում է։

Դեհ, սիրելի Ցել, վերջացնում եմ նամակս։ Ողջ լեր և հաջողակ, гляди в оба и держись крепко!

Քո Վահան

Հա՛, չմոռանաս հոդվածդ։ Ի սեր Աստծո, գրիր և չլինի թե տաս ձեր ամսագրին, տե՛ս։

Հա, Բոդլերս կարող եմ ղրկել եթե հարկավոր է, կարող եմ ուղարկել և ոտանավորներ—գրիր, եթե ժամանակ է, կուղարկեմ։ Իսկ եթե դեռ շուտ չի լույս տեսնի ամսագիրը՝ կսպասեմ։ Մի 15 արձակ պոեմ արդեն արտագրել պատրաստել եմ, իսկ թարգմանածս ընդամենը մոտ 30 հատ է (50-ից), բավական չէ՞ այսքանը։ Գրիր այս մասին։ Ավանսն էլ եթե հաջողվի, ղրկիր—ինչքան շուտ, այնքան լավ—աշունը գալիս է, ծախսերս շատանում են։ Մի թե 200 ռուբլի շատ եք գտնում։

Դեհ, ողջ լեր և բարևիր մեր ծանոթ բարեկամներին։

Բարև արա Վարյային, բալիկիդ—թե այդտեղ են դեռ, և մեր բարեկամներին։

Քոնն Վահան


156. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
<1916, օգոստոսի II կես—սեպտեմբերի I կես, Պետրոգրադ>

Սիրելի Ցել

Բացիկդ ստացա։ Քո «չհամոզվելը» թյուրիմացության հետևանք է, որովհետև իմ ասածներն այնքան պարզ են ու տարրական, որ դժվար է ենթադրել, թե անհասկանալի կարող են լինել քեզ։ Ուզում եմ, որ ինձ հասկանաս և դրա համար եմ «զահլադ տանում» և ոչ թե համառություն անելու։