Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/285

Այս էջը հաստատված է

Ահարոնյանն ասում է՝ դուք կրճատել եք գրվածքս և դրանով աղավաղել այն աստիճան, որ նա ապոկրիֆ, կեղծվածք է դարձել։

Ես ասում եմ՝ այո՛, կրճատումներ արել ենք, բայց սովորականի և գրական ընդունված կանոններից դուրս չենք եկել, և ձեր գրվածը ոչ աղավաղված է, ոչ էլ, մանավանդ, ապոկրիֆ դարձած։

Իսկ դու ասում ես՝ «պետք է» և լրագրական հոդվածը ակադեմիական ձևով թարգմանել։

Այդ «պետք է»-ն բոլորովին ուրիշ հարց է և չի վերաբերվում մեր վեճին, որովհետև՝ թե ինչ է «պետք», առհասարակ հայտնի չէ, դա վիճելի հարց է, մինչդեռ մեր վեճը կոնկրետ գործող գրական սովորույթի, ընդունված, ներկայումս վավերացրած էթիկայի մասին է և ոչ թե վերացական, աբսոլյուտ, քո կամ մի ուրիշի էթիկայի մասին։

Իմ պնդումն այն է, թե մենք այդ ընդունված, սովորական կանոններին հակառակ չենք գնացել, իսկ թե վատ են այդ ընդունված կանոններն ու սովորույթները—դա միանգամայն այլ խնդիր է և առանձին վեճի խնդիր։ Օրինակ, մի անգամ Թառայանն ասաց ինձ, որ լրբություն է գրական աշխատության հոնորար ստանալը, որովհետև միտքը չի կարելի ծախել։ Ես նրան պատասխանեցի Պուշկինի խոսքով՝ թե ես ձեռագիրս եմ ծախում և ոչ ոգևորությունս։ Չգիտեմ հիմա, գուցե Թառայիովը իրավացի է, որ գրական երկը չպետք է ծախել, բայց նա իրավացի չէ, երբ այսօր ինձ ասում է. «դու լիրբ ես, որովհետև ծախում ես գրվածքդ», ես նրան ասում եմ, որ դա սովորական, ընդունված բան է, և ես լիրբ չեմ կարող համարվել ոչ մի դեպքում։ Դա նույնն է, թե մահմեդականին ասես՝ դու անբարոյական ես, անառակ, վասնզի երեք կին ունես։ Նա քեզ կասի՝ մեր սովորույթը, մեր օրենքը թույլ է տալիս այդ, այնպես որ եթե անգամ դուք իրավացի լինեք, պիտի ոչ թե ինձ, այլ այդ սովորույթը, օրենքը հայհոյեք։ Կամ եթե ինձ եք մեղադրում, պիտի մեղադրեք միայն այն դեպքում, երբ կապացուցեք, որ ես ընդունված, սրբագործված, վավերացրած օրենքին հակառակ եմ գնացել, խախտել եմ այն։ Ահա ասելիքս։ Գուցե հայհոյանքներս ու շատախոսությունս քեզ թյուրիմացության մեջ են գցել—