և ինձ մոռացել։ Գրեցեք որքան կարելի է շուտ և շատ։ Սիրելի Անտյա, շուտ եկեք։ Լա՞վ։ Գրեցեք, սպասում եմ։
Համբուրում եմ պինդ։
Բարևներ ձերոնց։
Սուսաննային ձեր ողջույնը հայտնեցի, նա բարևում է ձեզ։ Շուտով գրեցեք, երբ կգաք։ Իսկ դուք ուզո՞ւմ եք հիմա ինձ տեսնել, լինել ինձ հետ։
19․ Ա․ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն
Ա․Չոպանյան
«Գարուն» ալմանխների խմբագրությունը որոշել է իր ժողովածուի հերթական, երրորդ, գիրքը հրատարակել քննադատական բովանդակությամբ։ Ի նկատ են առնված և արդեն խմբագրության տրամադրության տակ են գտնվում ուսումնասիրություններ հետևյալ գրողների մասին՝ Խ․Աբովյանի, Ա․Ծատուրյանի, Հ․Թումանյանի, Ա․Իսահակյանի։
Խմբագրության նպատակն է ունենալ մի կամ երկու ուսումնասիրություն էլ տաճկահայ, եթե ոչ զատ-զատ գրողների, գոնե արդի գրականության մասին ընդհանուր առմամբ։
Այդ տեսակետից խմբագրությունը ամենացանկալին համարեց տեսնել Ձեր անունը իր այդ գրքի ցանկի մեջ, որի համար դիմում է Ձեզ և խնդրում, որ չմերժեք մեզ ուղարկելու մի փոքրիկ ուսումնասիրություն, հակառակ դեպքում մի թռուցիկ ակնարկ կամ նույնիսկ դիտողություններ, տաճկահայ ժամանակակից գրականության մասին։
Հոդվածը կարող եք ուղարկել մինչև մի ամիս կամ մի փոքր ավելի։