Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/294

Այս էջը հաստատված է

ու թեթև կերպով սրբագրեմ, բայց երբ վերցրի ու սկսեցի արտագրել, տեսա, որ այդ հին թարգմանություններս պետք է հիմնովին վերամշակել — դրա համար էլ մի քանի օր ուշացավ այս նյութերի առաքումը։ Չեմ կարող ասել, որ գոհ եմ թարգմանություններովս և այս դրության մեջ՝ թեև աշխատեցի բավական եռանդուն, ճիշտ է, մի քանի օր միայն և այն հոգնած դրության մեջ (արաբական քննությունիցս հետո, որ վերջապես տվի և ազատվեցի)։ Չկարծես նաև, որ այդ պոեմներն ընտիրներն են—ո՛չ, դա պատահական մի բան է: Չթարգմանածների մեջ կան սքանչելի բաներ, բայց ես գրեթե բոլոր պոեմներն եմ սքանչելի համարում, ուստի այդ պոեմների թարգմանությունը լոկ պատահական բան է—ախր ես ամբողջն էի ուզում թարգմանել մի ժամանակ (10 տարի առաջ), թարգմանել և հրատարակել: Եթե տանելի գտաք թարգմանություններս և ուզեցաք մնացյալն էլ մի օր տպել—մի ուրիշ անգամ կթարգմանեմ։ Թեև պետք է խոստովանեմ, որ դա բավական դժվար գործ է և ոչ միայն իմ շատ համեստ ֆրանսագիտության (շատ մեղմ եմ արտահայտվում), այլև այն պատճառով, որ Բոդլերը շատ նուրբ, գրեթե աննկատելի ոճական գծեր ունի, որ հայերեն արտահայտելու կարողություն չէի զգում հաճախ, թեև հասկանում էի նրա ասածի էությունը։ Մանրամասները հետաքրքրական չեն, բայց ասեմ այսքանը, որ ինչ հնար էր այս կարճ ժամանակի ընթացքում արի և եռանդ չխնայեցի։ Համենայն դեպս թարգմանություններս միանգամայն բարեխիղճ եմ կատարել և ամեն ճիգ թափել եմ բնագրին մոտ լինել։ Եթե սխալներ ու սայթաքումներ նկատես՝ բարի եղիր ուղղելու, եթե միայն, իհարկե, հեշտ ուղղելի են, բայց զգուշացնեմ, որ թյուրիմացության մեջ չընկնես ու չլինի թե հանկարծ իմ գրածը (նրա անկատարյալ լինելու պատճառով) սխալ ըմբռնես ու մի նոր սխալ առաջ գա, երբ ուղղես։ Ինչևէ, աչքի անցկացրու և գրիր քո տպավորությունը, որովհետև ես այնքան շտապ եմ կատարել, և գլուխս այնքան հոգնած էր, որ անկարող եմ դատել որքան բավարար են թարգմանություններս։ Ահա այդ հիշածս հոգնածությունս էր պատճառը, որ ոտանավորներս գրեթե на ура ընտրեցի և արտագրեցի։ Դրանից դու ընտրիր մի քանի բան և ներկայացրու։ Ես հարմար եմ դատում, որ «Երկու սոնետ»-ը լինի տպված այժմ ոչ միայն ժամանակին համապատասխան լինելու պատճառովս, այլև նրա համար, որ դրանք, վատ թե