Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/299

Այս էջը հաստատված է

իհարկե հեռագրով։ Գալուս հարցը դեռ չեմ որոշել հաստատ, թեև զգում եմ, որ պետք է գալ—ինձ շատ վատ եմ զգում ֆիզիկապես։ Գուցե կարողանամ մինչև հունվար քաշ տալ և հետո գալ—գուցե ավելի վաղ գամ, չգիտեմ—այդ մասին կգրեմ։

Մառի հետ խոսեցի—ասաց, որ ինքը հեռագրել է արդեն, որ համաձայն է և խնդրեց հայտնել ձեզ, որ ծրագիրը նա կարող է ուղարկել, երբ կպատրաստե, իսկ դա կարող է անել միայն նոյեմբերի 25-ից հետո, որովհետև մինչ այդ խիստ զբաղված է և հնար չունի դրանով զբաղվելու։ Ասում է նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 1-ը կպատրաստե և մեկից մինչև 5-ը կուղարկե։ Բանն այն է, որ նրա ասելով ինքը ծրագիր կարող է կազմել միայն այն ժամանակ, երբ լեկցիան պատրաստ լինի, վասնզի ծրագրով լի կարող գրել, այլ գրածի վրա միայն կարող է ծրագիր կազմել։

Երկու նյութերից մեկը գրեթե բոլորովին պատրաստ է, բայց էլի մի քանի օր պետք է կարգի բերելու համար, իսկ մյուսը պիտի նոր գրե։ Նա ասում է, որ, եթե հնար լինի, լավ կլինի, որ նա կարդա մի երեկո երկու նյութն էլ, կամ նրանցից մեկը, իսկ եթե նախ մեկը կարդա, ապա մի շաբթից մյուսը, դա շատ ժամանակ կխլե իրանից։ Իսկ երկու օր իրար վրա երևի ձանձրալի կլինի լսողների համար։

Ես, իհարկե, ձեր մասին ամենալավ ատեստացիա տվի (ձեր ընկերության), բայց ըստ երևույթին նա ինքն էլ լավ էր տրամադրված արդեն։ Ինչ վերաբերվում է նրա՝ («Գործ»-ին աշխատակցելուն— խնդրեցեք, որ հենց այդ դասախոսությունը տա ձեզ ու տպեցեք։ Հակառակ դեպքում նա խոստանա էլ հազիվ թե ժամանակ ունենա ձեզ համար ավելի հարմար բան գրելու։

Գալով իմ դասախոսության, պիտի ասեմ, որ դեռ ձեռք չեմ զարկել, թեև մտածել եմ բավական։ Ինձ տարակույս է պատճառում թեմաս, որ կարող է չոր երևալ և, բացի այդ, ամփոփ չէ։ Տեսնենք ինչ կանեմ, չգիտեմ։ Թե մի բան մտածեցի, կգրեմ քեզ։ Առայժմ թող մնա հարցը առկախ—կարողացա՝ կգրեմ, ոչ կհետաձգենք մի ավելի հարմար առիթի։ Համենայն դեպս ես կուզեի գրել լեկցիաս և կարդալ ձեր Բաքվում։ Հա՜, «սյուրտուկ» պե՞տք է հագնեմ կարդալիս, թե կարելի է հասարակ կոստյումով։ Ես սյուրտուկ չունեմ և չեմ էլ հագնի՝ թեկուզ հնար լիներ առնելու։